211652_close_icon
views-count5960 դիտում article-date 10:51 26-09-2017

Քրդական պետության ստեղծումը կփոխի տարածաշրջանում տասնամյակներով ստեղծված status quo-ն. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Բայց Հայաստանի համար ի՞նչ՝ քրդերն անկախանում են, թե ոչ, որ սաղ օրը դրա մասին խոսում եք»: Այդ հարցի պրիմիտիվ պատասխանն է՝ «այն, ինչ վատ է Թուրքիայի համար, լավ է մեզ համար»: Եթե դա նույնիսկ այդպես է, ապա պետք է հաշվի առնել, որ քրդական անկախ պետության ստեղծումը, ըստ ամենայնի, «վատ է» նաև Իրանի համար, իսկ բարեկամ պետության կարծիքը, անշուշտ, պետք է հաշվի առնել, թեև կարելի է նաև համաձայն չլինել: Երեկ կայացած հանրաքվեին դեմ են նաև Իրաքը, արաբական երկրները, առանձնապես ոգևորված չէ նաև Արևմուտքը: Կողմ է Իսրայելը, պարզ է, թե ինչու՝ արաբական աշխարհից մի մեծ կտոր է առանձնանում: Եթե մի կողմ թողնենք այդ բոլոր հաշվարկները, ապա զուտ մարդկայնորեն հարգանքի են արժանի այն ազգերը, որոնք տասնամյակներով պայքարել են անկախության համար և, ի վերջո, հասել են իրենց նպատակին: Քրդերը, համենայնդեպս, մոտ են դրան՝ չնայած տարածաշրջանի ազդեցիկ պետությունները բոլորը դրան դեմ են: Իհարկե, Իրաքի Քրդստանին վարդերով պատած ճանապարհ չի սպասվում՝ զինված բախումներն անխուսափելի են, նախևառաջ, իհարկե, Թուրքիայի հետ: Բայց մարդիկ, ի հեճուկս ամեն ինչի, իրենց մեջ վճռականություն են գտել գնալու այդ քայլին, պատրաստ են զենքը ձեռքին կռվել հանուն ինքնիշխանության, չեն վախենում, որ «թուրքը նրանց կուտի»: Այստեղ, կարծում եմ, սովորելու բան կա: Իհարկե, քրդական պետությունը կանգնած է ոչ միայն արտաքին մարտահրավերների առաջ: Ներսից Քրդստանին սպառնում են կոռուպցիան և կլանայնությունը՝ արատներ, որոնց մասին մեզ՝ հայաստանցիներիս, պետք չէ երկար պատմել: Չնայած քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին մի քանի ամիս առաջ հայտարարել է, որ քրդական անկախ պետության ճանաչումից հետո նա կգնա թոշակի, և նրա մոտ բարեկամները նույնպես պաշտոններ չեն զբաղեցնի, ինչպես որ հիմա են տնով-ցեղով զբաղեցնում… ճիշտն ասած, հավատս չի գալիս: Իշխանությունը քաղցր բան է. հատկապես չկայացած պետություններում իշխանավորները միշտ էլ ունեն հետևյալ «արդարացումը». «մենք հաճույքով կգնայինք, բայց դե ո՞ւմ ուսերին թողնենք այս երկիրը»: Ինձ թվում է՝ Բարզանին նման մի բան կասի: Հայաստանն ինչպիսի՞ վերաբերմունք պետք է դրսևորի, եթե հռչակվի քրդական անկախ պետությունը, ես չգիտեմ՝ դիվանագետ, միջազգայնագետ չեմ: Բայց մի բան պարզ է. նոր, բազմամիլիոն բնակչությամբ պետության ստեղծումը կփոխի տարածաշրջանում տասնամյակներով ստեղծված status quo-ն: Դա բոլորի, նաև Հայաստանի համար կստեղծի հնարավորություններ, բայց նաև՝ առաջ կբերի վտանգներ: Այստեղ մակերեսային դատողություններն ու հապճեպ քայլերը հաստատ խանգարելու են»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր