4156 դիտում
10:54 27-09-2017
Խնդիրը «Այլընտրանքի» «ռուսամետությունը» չէ, այլ ամերիկացիներին հակադրվելը. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Քանի որ Հայաստանում որևէ հետաքրքիր բան տեղի չի ունենում` չհաշված գեղեցկության մրցույթը (երբ հաղթող աղջկան սկզբից թագը տվեցին, հետո ձեռքից առան), անդրադառնանք ևս մի միջազգային թեմայի` Գերմանիայում կայացած ընտրություններին: Չնայած Անգելա Մերկելը կրկին դարձել է վարչապետ, և նրա` Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունը հարաբերական մեծամասնություն է ստացել Բունդեսթագում, սակայն թե՛ այս և թե՛ մնացած «ավանդական» կուսակցություններն առնվազն մտածելու բան ունեն: Իհարկե, առաջին հերթին Քրիստոնյա-դեմոկրատները և Սոցիալ-դեմոկրատները, որոնք տասնամյակներ շարունակ կազմում էին Գերմանիայի քաղաքական համակարգի առանցքը, իսկ այս ընտրություններում կորցրին համապատասխանաբար 65 և 40 տեղ խորհրդարանում` նախորդ ընտրությունների համեմատ:
Իսկ ամենամտահոգիչը ավանդական արևմտյան՝ ազատական մտածողության ունեցող մարդկանց համար «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ ազգայնական կուսակցության, կարելի է ասել, շռնդալից հաջողությունն է: Այդ կուսակցությունը միանգամից ստացավ 94 տեղ 709 տեղանոց Բունդեսթագում՝ արժանանալով ընտրողների 12,6 տոկոսի վստահությանը: Այդ կուսակցության գլխավոր խաղաքարտն է միգրանտների առատությունն այս երկրում, այդ մարդկանց մի մասի, մեղմ ասած, «ոչ եվրոպական» վարքը և որպես այդ ամենի հետևանք՝ գերմանացիների հիասթափությունը ազատական արժեքներից, «բազմամշակութային» մոտեցումներից, հանդուրժողականությունից և լայնախոհությունից: Շարքային գերմանացիներից շատերը (կարծում եմ՝ ավելի շատ, քան 12,6 տոկոսը) ցանկանում են ազատվել թե՛ վերոհիշյալ արժեքներից և թե՛ բուն միգրանտներից:
Մնացածը դետալներ են, թեև՝ բավականին պերճախոս: Կուսակցության առաջնորդներից մեկը՝ 76-ամյա Ալեքսանդր Գաուլանդը, «հարգանքով է վերաբերվում» նացիստների «նվաճումներին»: Նա կոչ է անում վերացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս: Այդ երկու «ուղղությունների» միջև առանձնապես հակասություն չկա՝ գերմանացի նացիոնալ-սոցիալիստների և խորհրդային բոլշևիկների ջրերը որոշ ժամանակ «մի առվով էին գնում»:
Բայց իրականում խնդիրը, կարծում եմ, «Այլընտրանքի» «ռուսամետության» մեջ չէ: Խնդիրը, կարծում եմ, ավելի շուտ ամերիկացիներին հակադրվելն է, որովհետև գերմանական հասարակության մի մասը վստահ է, որ միգրացիոն քաղաքականությունը, ազատական արժեքները և ռուսների հետ գժտվելը պարտադրանք է, որը գալիս է օվկիանոսի այն կողմից: Ո՞վ կասի, որ այդ տեսակետն ամբողջությամբ հիմնազուրկ է:
«Այլընտրանքը» հանդես է գալիս մեզ՝ հայաստանցիներիս, շատ ծանոթ կոչով՝ «իշխանությունը վերադարձնենք ժողովրդին». այնտեղ էլ, պարզվում է, իշխանությունը ժողովրդին չի պատկանում: Եվ այդ առիթով հիշեցի մի խոսակցություն. տարիներ առաջ գերմանացի մի քաղաքական գործիչ մասնավոր զրույցում ինձ ասաց. «Իզուր էլ բողոքում եք Կրեմլի կայսերապաշտական հավակնություններից: Դուք՝ հայերդ, ավելի քիչ եք կախված Ռուսաստանից, քան մենք` գերմանացիներս, ԱՄՆ-ից»: Ասողն, ի դեպ, սոցիալ-դեմոկրատ էր: Հաստատ Հիտլերի երկրպագուն չէր»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարու:[/b]
Նմանատիպ նյութեր
1116 դիտում
10:15 08-06-2022
Մարդկանց դնում են կեղծ այլընտրանքի առաջ և դրանից հետո դիմում են շանտաժի․ «Առավոտ»
1707 դիտում
13:12 18-07-2019
Վառելափայտին այլընտրանքի արտադրության հարցում կառավարությունը «փրոջեքթ-մենեջերի» դեր կկատարի
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը