211652_close_icon
views-count1953 դիտում article-date 19:44 28-09-2017

Լեհական պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Մեծ Եղերնի զոհերի հիշատակին

Սեպտեմբերի 28-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, լեհականը` Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Բարտոշ Չիխոցկին: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց հայ-լեհական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կողմերն անդրադարձան տարածաշրջանային վերջին զարգացումներին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների, Արևելյան գործընկերության ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների գործակցության ընդլայնման հեռանկարներին: ԱԳ նախարարի տեղակալ Նազարյանն իր լեհ գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը ու կարևորեց, որ ԵՄ կողմն իր ընդհանուր մոտեցմամբ վերահաստատել է լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին` համանախագահ երկրների նախագահների կողմից 2009թ. ի վեր ընդունված հայտարարությունների հիման վրա։ Խորհրդակցությունների ընթացքում առանձնակիորեն նշվեց, որ ընթացիկ տարին հայ և լեհ ժողովուրդների համար կրկնակի հոբելյանական է, քանի որ լրանում է հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչպես նաև Լեհաստանում հայ համայնքի կազմավորման 650-ամյակը, որոնց կապակցությամբ կողմերը շնորհավորական ուղերձներ են փոխանակել ՀՀ և ԼՀ նախագահների և արտաքին գործերի նախարարների մակարդակով: Լեհական պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Մեծ Եղերնի զոհերի հիշատակին: Այնուհետև պատվիրակությունը շրջայց կատարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ու գրառում կատարեց պաշտոնական հյուրերի հուշամատյանում:

Նմանատիպ նյութեր