211652_close_icon
views-count7289 դիտում article-date 15:12 29-09-2017

Սուրեն Կարայանը և Ժենիս Կասիմբեկը ստորագրել են հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը

Սեպտեմբերի 28-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ստորագրվել է առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի արձանագրությունը: Այն ստորագրել են հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ղազախական կողմի համանախագահ, Ղազախստանի ներդրումների և զարգացման նախարար Ժենիս Կասիմբեկը։ Համանախագահները նաև առանձնազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են համագործակցության հեռանկարները՝ ընդգծելով առևտրաշրջանառության աճի համար նպաստավոր ոլորտներում համագործակցության խթանման անհրաժեշտությունը: Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ նախորդ նիստից հետո անցած ժամանակահատվածում հանձնաժովի կողմից որոշակի աշխատանք է իրականացվել Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Արձանագրությամբ ամրագրվել է երկու կողմերի պատրաստակամությունը` շարունակելու առևտրատնտեսական համագործակցության զարգացման գործընթացը, այդ թվում՝ երկու երկրների արտահանման ուղղվածությամբ արտադրատեսակների և արտահանման շուկաների վերաբերյալ տեղեկատվության մշտական փոխանակման միջոցով։ Հայկական կողմը տեղեկացրել է ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված GSP+ և ԱՄՆ, Կանադայի, Ճապոնիայի, Նորվեգիայի և Շվեյցարիայի կողմից տրամադրված GSP առևտրի ռեժիմի մասին, ինչը կարող է զգալիորեն նպաստել հայ-ղազախական ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը և արտահանման-ներմուծման տեսականու ընդլայնմանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրել Աստանայում և Ալմաթիում «Հայաստան-Ոսկերչական տուն» առևտրացուցահանդեսային տաղավարների կազմակերպման և երկու երկրներում անցկացվող ցուցահանդեսներին ու տոնավաճառներին հայաստանյան և ղազախական ընկերությունների մասնակցությանն աջակցելու հարցերը։ Արձանագրության առանձին կետով կողմերը պայմանավորվել են հանձնաժողովի հետագա աշխատանքում հատուկ ուշադրություն դարձնել երկու երկրների տարածաշրջանների՝ հայկական մարզերի և ղազախական ակիմատների, միջև կապերի ստեղծմանը և աջակցել համագործակցությանը տարբեր ոլորտներում։ Հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2018 թվականին՝ Աստանայում։

Նմանատիպ նյութեր