211652_close_icon
views-count5374 դիտում article-date 22:38 29-09-2017

Հանրային խորհրդում Կրթության և գիտության նախարարի հետ քննարկվել է ռուսաց լեզվի հայեցակարգի հարցը

ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգն այսօր քննարկման է դրվել Հանրային խորհրդում, որին մասնակցել է նաև Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, կրթության ոլորտի փորձագետներ: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ընդգծելով հարցի քննարկման կարևորությունը, ներկայացրել է հանրության շրջանում հայեցակարգի հետ կապված հիմնական մտահոգություններն ու հարցադրումները. «Տպավորություն է, որ դա պայմանավորված է կա՛մ ռուսների ճնշմամբ, կա՛մ մեր ցանկությամբ՝ հաճոյանալու ռուսներին, ինչը երկու դեպքում էլ վիրավորական է և անընդունելի: Բոլոր լեզուներն էլ պետք է ուսումնասիրել, դա կարևոր է, դա շփում է աշխարհի հետ, այդ տեսանկյունից հանրության մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է առանձնացվել ռուսերենը: Եթե խոսքը գնում է նոր գիտելիքներ ստանալու, գիտության առաջընթացի մասին, ապա այսօր ամբողջ աշխարհն ընտրում է անգլերենը: Մյուս հիմնական մտահոգությունը կապված է որոշ առարկաներ զուգահեռ նաև ռուսերեն լեզվով դասավանդելու հետ: Արդյոք դա համապատասխանո՞ւմ է «Լեզվի մասին» մեր օրենքին ու դրա բովանդակությանը»: Նախարարը, անդրադառնալով հայեցակարգի շուրջ ստեղծված աղմուկին, նշել է, որ քննարկումները մտել են քաղաքական տիրույթ: «Հայաստանի Հանրապետության միակ պետական լեզուն հայերենն է, մնացած բոլոր լեզուները օտար լեզուներ են, և բոլոր օտար լեզուների համար պետք է մշակել հայեցկարգ: Որևէ ժամ հայագիտական առարկաներից չի կորում: Եթե դա լիներ մեր հայագիտական առարկաների հաշվին, ես կընդունեի մեղադրանքները»,-ասել է նախարարը՝ պարզաբանելով, թե որտեղից է առաջացել նման հայեցակարգեր մշակելու անրաժեշտությունը,-հատկապես ՀՀ բուհական համակարգը խիստ հումանիտարիզացված է: Բնագիտական հատվածի մեջ էլ մեծ մասը ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտն է: Բնական գիտելիքներն ու գիտությամբ առաջնորդվելու հնարավորությունները վտանգված են: Այստեղից բարձրացավ օտար լեզուների որակի խնդիրը: Եթե ուզում ենք բնական գիտությունների վիճակը լավացնել, դա անպայման պետք է բերի օտար լեզուների դասավանդման լուրջ փոփոխությունների»: Միաժամանակ, նախարարն ընդունել է, որ նախարարությունը վրիպում է թույլ տվել. «Անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի համար գրել էինք «օտար լեզուների հայեցակարգ», ռուսերենի դեպքում« օտար լեզու» չէինք գրել»,-նշել է Լևոն Մկրտչյանը: Վերադառնալով օտար լեզուների որակի բարձրացման անհրաժեշտությանը՝ նախարարն ասել է, որ այդ հարցը լուծելու համար նախևառաջ նոր մեթոդաբանության կարիք կա. «Դպրոցներում օտար լեզվի նախկին մեթոդիկան չի բավարարում: Մյուս խնդիրն այն է, որ այնուամենայնիվ, մեր երեխաները ավելի բարդ վիճակի մեջ են, քան եվրոպական երկրներում, որովհետև այնտեղ առաջին դասարանից եռալեզու կրթություն է մտնում, բայց իրենց մոտ հիմքը լատինատառ է, և աշխարհընկալման իմաստով մեծ դժվարություն չի լինում: Մեզ մոտ նախ պետք է ընկալվի մեսրոպատառը, հետո՝ ռուսատառը, որը բոլորովին այլ ընկալում ունի, որից հետո՝ լատինատառը»: Ինչ վերաբերում է ավագ դպրոցներում որոշակի առարկաներ ռուսերենով դասավանդելու դրույթին, Լևոն Մկրտչյանն ասել է, որ դա քննարկման հարց է՝ կարելի է այդ դրույթը մտցնել, կարելի է՝ ոչ: Վազգեն Մանուկյանը, հակադրվելով նախարարի հնչեցրած մտքին, թե հարցը քաղաքականացվում է, ասել է. «Լեզուն քաղաքականություն է սկզբից մինչև վերջ»: Մանուկյանի խոսքով՝ այսօր անգամ Ռուսաստանը գիտակցում է անգլերենի կարևորությունը և փորձում է անգլերենն իր երկրում զարգացնել, որպեսզի աշխարհի հետ համընթաց քայլի. «Եթե այսօր ուզում ես աշխարհի հետ քայլել, պետք է նախ անգլերեն իմանաս: Ինչ վերաբերում է ռուսերենին, ապա ռուսերենի մակարդակը բարձրացնելուն ոչ ոք դեմ չէ, հասարակությունը դեմ է ռուսերենը մյուս օտար լեզուներից առանձնացնելուն: Եթե մենք առանձնացնում ենք ռուսերենը, պետք է առանձնացնենք նաև անգլերենը»,-ասել է Մանուկյանը: Քննարկման մասնակիցները, իրենց մտահոգությունները հայտնելով հայեցակարգի վերաբերյալ, կրկնել են միտքը, որ եթե հայեցակարգը վերաբերեր բոլոր օտար լեզուներին, ապա ընդունելի կլիներ, և աղմուկ չէր բարձրանա: «Հայեցակարգի հիմնավորումները շատ խոցելի են, մասնավորապես գիտության հետ կապված, քանի որ գիտության լեզուն այսօր անգլերենն է: Եթե ուզում ենք աշխարհում ընկալելի լինել, պիտի անգլերեն իմանանք,-նշել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր Արեգ Գրիգորյանը՝ միաժամանակ հավելելով, որ տարիներ շարունակ ռուսերենի կարգավիճակը ոչ մի կերպ չի հստակեցվում,-մենք միշտ ռուսերենը առանձնացրել ենք, բայց դրանով իրականում վնասել ենք այդ լեզուն»: Հանրային խորհրդի գիտության և կրթության ենթահանձնաժողովի նախագահ Կարինե Թումանյանը բարձրացրել է բուհերում այսօր ռուսաց լեզվի դասավանդումը մյուս օտար լեզուներից առանձնացված լինելու հարցը: «Այսինքն, ռուսաց լեզուն օտար լեզուների շարքում չէ»: Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անհատի Բախշյանը, որը նույնպես ներկա է եղել քննարկմանը, կարծիք է հայտնել, որ մեր կրթական օրենքներով՝ նման հայեցակարգ մշակելու անհրաժեշտության առհասարակ չկար: «Մենք խոսում ենք վտանգավոր քաղաքականության մասին, որը բոլորիս մտահոգում է: Տարբեր ձևերով ուզում ենք ռուսերենին տալ ինչ որ կարգավիճակ, դա է հասարակությունը հավասարակշռությունից հանում»,-նշել է Բախշյանը: Հանրային խորհրդի անդամ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը օտար լեզուների մակարդակը բարձրացնելու կարևոր պայման է համարել օտար լեզուներ ուսուցանող մասնագետների որակի բարձրացումը: Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն էլ անընդունելի է համարել որևէ հայեցակարգի մշակումը, քանի դեռ հստակ չէ, թե պետությունն ինչ ուղղությամբ է գնում: Նա նշել է, որ Հայաստանում պետք է առաջնահերթ լինի անգլերենը, ապա ռուսերենը, հետո նոր ֆրանսերենը, գերմաներենը, չինարենը և այլն: Սադոյանը նաև փորձել է հստակեցնել՝ օտար լեզուներին տրամադրվող ընդհանուր ժամաքանակը հավասարաչա՞փ է բաշխվելու, թե՞ ռուսերենը գերիշխող դեր է ունենալու: «Մի բան է հայեցակարգը, մեկ այլ բան՝ իրողությունը,-ասել է Հանրային խորհրդի անդամ, գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանը՝ նշելով, որ պետք է հաշվի նստել այսօրվա իրողության հետ,-150 և ավելի տարվա մեջ ստացել ենք մի մշակույթ և մի գրականություն, որով հաղորդակցվել ենք աշխարհի հետ: Դա ռուսերենն է: Մեր գրադարանները կազմված են ռուսերեն գրքերից: Դա կա, մենք ժխտել չենք կարող: Բայց իրողությունն այն է, որ անգլերենը գալիս է՝ ուզես, թե չուզես: Դրա հետ նույնպես պետք է հաշվի նստել: Անգլերենն ու ռուսերենը ունենալու են իրենց առաջնությունը` անկախ ամեն ինչից»: Հանրային խորհրդի նախագահն իր հերթին հիշեցրել է, որ տասնամյակներ շարունակ մեր ժողովուրդը պարտադրված է եղել համաշխարհային գիտության և հոգևոր մշակույթի հետ ծանոթանալ ռուսերենի միջոցով. «Հիմա Հայատանը շարունակելու է ռուսների՞ միջոցով աշխարհի հետ շփվել, թե՞ առանձին ռուսների հետ, առանձին՝ աշխարհի»,-հարց է բարձրացրել Մանուկյանը՝ հորդորելով նախարարին այս և քննարկման ընթացքում հնչած մյուս հարցադրումների և դիրքորոշումների վերաբերյալ կատարել համապատասխան եզրակացություններ: Ռուսաց լեզվի հայեցակարգից բացի, քննարկվել են նաև հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտին առնչվող հարցեր՝ մասնավորապես կապված ավագ դպրոցների, 12-ամյա կրթական համակարգի, դասագրքերի, ուսուցիչների դրույքաչափերի բարձրացման և նրանց գերծանրաբեռնվածության, բարձրագույն կրթության մասին նոր օրենքի նախագծի և այլ խնդիրների հետ: Որոշվել է այս հարցերի վերաբերյալ կազմակերպել առանձին քննարկում:

Նմանատիպ նյութեր