211652_close_icon
views-count22647 դիտում article-date 10:51 04-10-2017

Թող Պուտինը «վերցնի» Հայաստանը, կարգին «աշխատեցնի» այս «օբյեկտը». «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ինձ մարդիկ հարցնում են՝ արդյոք Կատալոնիան կամ Քրդստանը կկարողանա՞ն անկախանալ: Ես, ճիշտն ասած, այդ հարցի պատասխանը չգիտեմ, որովհետև խորությամբ չեմ ուսումնասիրել այդ տարածքների պատմությունն ու իրողությունները, և չգիտեմ՝ արդյոք այդտեղ ապրող ժողովուրդներն ուզո՞ւմ են անկախ պետություն ունենալ: Հանրաքվեների տոկոսները մի բան են, իսկ մարդկանց իրական ձգտումները՝ բոլորովին այլ: Եթե Իրաքի քրդերն ու կատալոնացիներն իսկապես ցանկանում են անկախ ապրել, ապա նրանց ոչինչ չի կարող խանգարել: Քրդերին չեն խանգարի հարևանների սպառնալիքները, պատժամիջոցները, անգամ հնարավոր պատերազմը: Կատալոնացիներին չեն խանգարի «կենտրոնից» ուղարկած ոստիկանների բռնությունները և այն տխուր հանգամանքը, որ Եվրահանձնաժողովը չի ընդունում հանրաքվեի արդյունքները (հետաքրքիր է՝ Կատալոնիայի իշխանությունները հարցրե՞լ են ԵՄ այդ կառույցի կարծիքը): Կարելի է ջարդել-փշրել ընտրական տեղամասերը, գողանալ կամ վառել քվեաթերթիկները՝ դա չի օգնի. եթե քաղաքացիների մեծամասնության մտքին կա կառուցել սեփական պետությունը, նրանք կկառուցեն: Իսկ եթե չկա՞: Եթե չկա, ինչ ուզում ես հռչակիր, ինչ դրոշներ ուզում ես ՄԱԿ-ի շենքի դիմաց ծածանիր, միևնույն է՝ դու, մեծ հաշվով, պետություն չես դառնա: Մարդիկ, ինչպես և ազգերը, իրականացնում են այն, ինչին իսկապես ձգտում են: «Իսկապես»-ն այստեղ առանցքային բառ է: Եթե մեկն ասում է՝ «ուզում եմ օլիգարխի նման «ախրանայի» 4 մեքենաներով քաղաքում պտտվեմ», դա իրական ցանկություն չէ, դա ուղղակի պարապ զրույց է: Որովհետև իրականում այդպես խոսող մարդն ուզում է ապրել խեղճության մեջ և բողոքել իր խեղճությունից: Նույնը՝ այս դեպքում. եթե քրդերը կամ կատալոնացիներն ասեն՝ ուզում ենք անկախ ապրել, բայց Իսպանիան կամ Իրաքը մեզ խանգարում են, ուրեմն նրանց այդ «ուզելը» իրական չէ՝ դա պարզապես կյանքից բողոքելու ձև է: Ես, օրինակ, կասկածում եմ, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը ցանկանում է անկախ պետություն ունենալ: Վերջերս Զարուհի Փոստանջյանն իր համախոհների հետ շրջագայություն է սկսել Հայաստանով մեկ: Նպատակը համահայկական ապստամբություն, «ընդվզում» կազմակերպելն է: Բայց այդ գաղափարը կարող են կիսել միայն այն մարդիկ, որոնք ցանկանում են Հայաստան պետություն կառուցել: Իսկապես են ցանկանում, ոչ թե հենց այնպես օդ են տատանում: Իսկ տիկին Փոստանջյանի զրուցակիցներն իրականում ցանկանում են բողոքել իրենց խեղճությունից, ոմանք էլ բարձրաձայն արտահայտում են իրենց նվիրական ձգտումը՝ թող Պուտինը «վերցնի» Հայաստանը, կարգին իշխի, «աշխատեցնի» այս «օբյեկտը» և իրենց էլ «լավ պահի»: Դե, եթե Պուտինը չի ուզում, ուրեմն թող դա անի որևէ «լավ տղա»՝ տեղացիներից: Հավանաբար, այն տղաներից, որոնք ընտրությունների ժամանակ 10 հազարանոցներ են բաժանել»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր