211652_close_icon
views-count4086 դիտում article-date 18:50 06-10-2017

Արա Բաբլոյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանական պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանական պատվիրակությանը: Արա Բաբլոյանը, ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում, կարեւորել է Հայաստանի եւ ԱՄՆ-ի տարեցտարի ամրապնդվող հարաբերությունները՝ այդ հարցում ընդգծելով հայկական սփյուռքի ներկայությունը եւ նշանակալի դերը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ ընդլայնվում են ոչ միայն քաղաքական, այլեւ մշակութային, կրթական և տնտեսական հարաբերությունները: Արա Բաբլոյանը կարեւորել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության կայացման եւ զարգացման գործում: ՀՀ ԱԺ նախագահը նշել է.«Բարձր եմ գնահատում ԱՄՆ-ի օժանդակությունն անկախ Հայաստանի առողջապահական համակարգի ստեղծման եւ կայացման գործում: Հայաստանում առաջին վերկանգնողական կենտրոնը ստեղծվել է ԱՄՆ-ի օժանդակությամբ՝ փոխելով հաշմանդամ երեխաների նկատմամբ մտածելակերպն ու վերաբերմունքը»: Խոսելով մեր երկրում ընթացող բարեփոխումների մասին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ ի տարբերություն որոշ հարեւան պետությունների՝ Հայաստանն ընթանում է ժողովրդավարության, խոսքի ազատության եւ մարդու իրավունքների պաշտպանության, կառավարման համակարգի ապակենտրոնացման ճանապարհով: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ ՀՀ ԱԺ նախագահը փաստել է.«Հայաստանը տարածքային խնդիր չունի Ադրբեջանի հետ. հարցը վերաբերում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Մարդն է բարձրագույն արժեքը, եւ մարդու իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը կարեւոր են մեզ համար: Քաղաքակիրթ աշխարհում խաղաղությունն այլընտրանք չունի, հետեւաբար ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով»: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Սքոթ Ուիլքը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության համար եւ ներկայացրել պատվիրակության անդամներին, որոնցից շատերը ազգությամբ հայ են: Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են Քալիֆորնիայի հայկական համայնքի դերին Հայաստանի հետ հարաբերությունների եւ համագործակցության խորացման գործում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր