4908 դիտում
10:52 11-10-2017
Հարգարժան քաղաքական ուժեր, ձեզ մի քիչ թափ տվեք. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորսողը գրում է. «Հայաստանի քաղաքական ուժերի մեծ մասը խորը նիրհի մեջ է: Ես հիշում եմ, թե ինչ էր կատարվում դիցուք մի տարի առաջ` ինչպիսի խոստումներ, ինչպիսի ինքնավստահություն, ինչ գեղեցիկ ձևակերպումներ: Իսկ հիմա՞: Մամուլի ակումբների աչքը ջուր է կտրել քաղաքական դեմքերին սպասելիս, բայց այն մարդիկ, որոնք համոզմունք էին հայտնում, թե խորհրդարանում մեծամասնություն կստանան, այսօր որևէ ցանկություն չունեն հայտնվելու տեսախցիկների առաջ: Նույնիսկ չեն ուզում բողոքել, թե իրենք իրականում հաղթել են ընտրություններում, բայց իրենք չեն հայտնվել խորհրդարանում, որովհետև ընտրությունների արդյունքները կեղծվել են:
Իսկ դուք հիշո՞ւմ եք, որ կան այսպիսի կուսակցություններ՝ «Ժառանգություն», ՀԱԿ, ՕԵԿ, «Համախմբում», էլի մի քանիսը: Կամ գուցե այլևս չկա՞ն: Բայց կարծես թե ոչ մեկը չի հայտարարել ինքնալուծարման մասին: Եթե խորհրդարան չեն անցել, ուրեմն ի՞նչ՝ ասելիք չունե՞ն: Թե՞ նրանց ասելիքը սպառվում է նախընտրական արշավի ժամանակ: Եթե այդպես է` շատ ցավալի է:
Ինձ թվում է` մեզանում սխալ պատկերացում է ձևավորվել քաղաքական պայքարի մասին: Մեր քաղաքական գործիչներին թվում է, թե իրենց առաքելությունը սահմանափակվում է ընտրություններից առաջ երեք ամիս և հետընտրական պրոցեսների ժամանակ մեկ ամիս գոռգոռալու մեջ: Մնացած 4-5 տարիների ընթացքում նրանք կարող են հանգստանալ քաղաքականությունից և զբաղվել իրենց առօրյա խնդիրները լուծելով: Ճիշտ է, երբեմն նաև լինում են պահեր, երբ դրսից կամ ներսից որևէ մեկը համաձայնում է փող ծախսել «իշխանափոխություն» պրոյեկտի վրա, և այդ ժամանակ դարձյալ անհրաժեշտություն է առաջանում գոռգոռալու, բայց Հայաստանում այդ «արտահերթ» պրոյեկտները նույնպես տապալվում են, և «բոցավառ» գործիչները վաղ թե ուշ իջնում են բեմահարթակից: Մնացած ժամանակահատվածներում գաղափարական և կազմակերպչական աշխատանքի մասին մտածելու ոչ հավես կա, ոչ էլ, երևի, փող: Կգա 2022 թվականը, դարձյալ «բոցավառ» ելույթների պահանջարկ կառաջանա, որին դարձյալ կհետևի 5 տարվա «մեռյալ սեզոնը»:
Այդ վիճակը ոչ միայն ցավալի է, այլև վտանգավոր: Որովհետև երբ չկան օրենքի սահմաններում գործող և «խաղի կանոնների» մեջ տեղավորվող, բայց, միևնույն ժամանակ, ակտիվ պայքար մղող քաղաքական ուժեր, այդժամ ի հայտ են գալիս մարգինալ, ծայրահեղական, բռնությանն ու ապօրինությանը կողմնակից ուժեր, որոնք դարձյալ չեն հասնում իրենց նպատակին, բայց հարված են հասցնում պետությանը: Այո, պետությանը, ոչ թե իշխանությանը: Այնպես որ, հարգարժան քաղաքական ուժեր, ձեզ մի քիչ թափ տվեք»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
15423 դիտում
10:53 28-04-2018
Հարգարժան իշխանություններ, Ռուսաստանին մի՛ խառնեք այս պատմությանը. «Առավոտ»
7729 դիտում
10:58 13-01-2018
Թույլ տվեք ձեզ տեղեկացնել, որ այդ ամենը սուտ է. Փարիզը մնում է Փարիզ. «Առավոտ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը