Մենք պատրաստ ենք օգնել Ադրբեջանին, որպեսզի նա իրեն հանգիստ զգա. Լուկաշենկո
Ադրբեջանն ու Բելառուսը պայմանավորվել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության զարգացման շուրջ: Այդ որոշումն ընդունվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի Բելառուս կատարած այցի արդյունքում:
Հոկտեմբերի 9-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է պաշտպանության նախարարին: Նա ընդգծել է երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների եղբայրական բնույթը: Նա նշել է, որ բելառուսական կողմը մեծ հարգանքով է վերաբերվում ադրբեջանցիներին, իսկ Ադրբեջանի նախագահը դժվարին պահերին միշտ թիկունք է եղել բելառուսական պետությանը:
«Մենք այդ ամենը շատ լավ հիշում ենք և պատրաստ ենք, – եթե ինչ-որ բան կարող ենք անել Ադրբեջանի համար, – անել ամեն ինչ, որպեսզի ձեր ժողովուրդն ապրի անվտանգության մեջ, պետությունը զարգանա», – Բելառուսի նախագահի խոսքերն է փոխանցում BELTA գործակալությունը:
Լուկաշենկոն հավելել է, որ Բելառուսն ու Ադրբեջանը կշարունակեն համագործակցությունն, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում:
«Չեմ ուզում ոչ ոքի առջև արդարանալ, թե ինչ բնույթ է կրում մեր համագործակցությունը: Ցանկանում եմ միայն մի բան ասել, որ մեր հարաբերությունները ոչ մի կերպ չեն խախտում ոչ մի միջզգային պայմանագիր, ՄԱԿ Անվտանգության խորհրդի ոչ մի բանաձև: Մենք ինքնիշխան անկախ պետություն ենք, և իրավունք ունենք կանխորոշելու համագործակցության այն ուղղությունները, որոնք համապատասխանում են ժամանակի շնչին, մեր պետությունների հարցումներին», – ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի ղեկավարը նշել է, որ Մինսկը պատրաստ է օգնել Ադրբեջանին, որպեսզի նա իրեն հանգիստ զգա: «Այդ պատճառով էլ մենք միասին աշխատում ենք այդ ուղղությամբ և շարունակելու ենք աշխատել», – հավելել է նա:
Ադրբեջանի պաշտպանության նախարարը նշել է, որը ռազմատեխնիկական շրջանում լավ նախագծեր և համագործակցություն կա: Նա ընդգծել է նաև, որ այդ ամենը չի հակասում միջազգային օրենքներին:
«Ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այն սարքավորումները, որոնք մենք ստացել ենք ռազմատեխնիկական համագործակցության ուղղությամբ, բարձր որակի են, դրանք հաջողությամբ կիրառվում են Ադրբեջանի զինված ուժերում», – ասել է նա:
Դա, ըստ Հասանովի, հնարավորություն է տալիս շարունակել և անգամ ընդլայնել երկրների միջև համագործակցությունը:
Ավելի վաղ Ադրբեջանի և Բելառուսի պաշտպանության նախարարները 2018թ-ի երկկողմանի համագործակցության պլան են ստորագրել: Նախարարները կարծիքների լայն փոխանակում են անցկացրել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների, ռազմական փորձագետների փոխադարձ այցերի կազմակերպման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Ռազմական ոլորտում Բելառուսի և Ադրբեջանի համագործակցությունը շարունակվում է ավելի քան 10 տարի: Օրինակ, դեռևս 2005թ-ին Բելառուսն Ադրբեջանին Տ72 և Տ72М 60 տանկ և այլ ռազմական տեխնիկա է վաճառել:
Բելառուսն այս տարվա սկզբին Ադրբեջանին է արտահանձնել Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին:
[url=https://jam-news.net/?p=63437&lang=hy]JAMNEWS[/url]