211652_close_icon
views-count9414 դիտում article-date 10:44 13-10-2017

Ձեր ընտրությունն է՝ «անուշ ընկեր» լինել «լավ տղու» համա՞ր, թե՞... «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երբ տաքսիստը կամ պատահական անցորդը սկսում են բողոքել կյանքից հայտնի արտահայտություններով և սեփական «խեղճությունն» ի ցույց դնելով, ո՞րը պետք է լինի ձեր արձագանքը: Զրուցակցին դուր գալու համար դուք պետք է նույն երգը երգեք` «վայ, կերան էս խեղճ ժողովրդին» և այլն, և այդ դեպքում դուք իրար «ջան» կասեք, «ջան» կլսեք, գումարած դրան` ձեր զրուցակցի աչքերում կերևաք որպես «ժողովրդի դարդուցավով տառապող մարդ»: Որևէ ձևով հակադրվել այդ նվնվոցներին, մարդկանց մեջ փորձել ինքնասիրություն և արժանապատվություն արթնացնել, նշանակում է՝ դուրս գալ հարմարավետության գոտուց, այլևս այդքան քաղցր և ընդունելի չլինել, կորցնել «ժողովրդական մարդու» համբավը: Արդյոք մենք մշտապես մեր մեջ ուժ ենք գտնում հակառակ գնալ հոսանքին, չհաճոյանալ, չհարմարվել: Սովորաբար հարմարվողականության մասին խոսելիս նկատի ունեն իշխանության ստեղծած համակարգին չհակադրվելը: Նման բան էլ կա: Բայց ոչ տոտալիտար ռեժիմների ժամանակ էապես ավելի բարդ է հակադրվել հասարակական հիմնական հոսանքին: Դրա համար երբեմն ավելի մեծ խիզախություն է պահանջվում, քան պետք էր խորհրդային շրջանում «այլախոհությամբ զբաղվելու» համար: Բերեմ մեկ այլ օրինակ այսօր հնչեղ թեմայով: Ենթադրենք, ձեր ընկերը կամ ծանոթը պատմում է իր ընտանիքում ծագած խնդիրների մասին և ներկայացնում է այդ խնդրի լուծման եղանակը՝ «էն օրը բռնի` կնգաս քացու տակ քցեցի»: Եթե դուք ոչ մի հոգեկան պաթոլոգիա չունեք, դուք պետք է որ ասեք, որ խնդիր լուծելու այդ ձևը ձեզ դուր չի գալիս: Բայց արդյոք դուք դա կասե՞ք ձեր ընկերոջը: Թե՞ կլռեք: Կամ ավելի վատ՝ կեղծավորություն կանեք ու կասեք. «Հա, ախպեր, ճիշտ ես արել, էս կնանոց գյամերը մեկ-մեկ պետք է քաշել, որ գլխիդ չնստեն: Թե չէ կմտածի, որ ղզիկ ես»: Այդ դեպքում ձեր ընկերը կհասկանա, որ դուք էլ եք «տղա», ինչպես «հայու գենի» և «ավանդական հայ ընտանիքի» ներկայացուցիչ: Գուցե ձեր զրուցակիցն այնքան տաքանա ձեր նկատմամբ՝ «հասկացողության համար», որ կհրավիրի «մի կտոր հաց» ուտելու: Ձեր ընտրությունն է՝ «անուշ ընկեր» լինել «լավ տղու» համա՞ր, թե՞ «ղզիկ»: Վերջին օրինակը: Ավագանու անդամ Լևոն Իգիթյանը հայհոյում է մեկ այլ ավագանու անդամի, ընդ որում՝ կնոջ: Բայց նրա կողքը նստած են ավագանու այլ անդամներ՝ Իգիթյանի խմբակցությունից: Նրանցից ոչ մեկի մեջ ցանկություն չառաջացա՞վ սաստել գործընկերոջը: Նրա կողքը նստած էին նաև կանայք՝ նրանց մեջ ցասում չառաջացրե՞ց կնոջ հանդեպ նման վերաբերմունքը: Գուցե և առաջացրեց, բայց նրանք խիզախություն չունեցան հակադրվելու գործընկերոջը: Հավանաբար, ոմանց համար կուսակցական համերաշխությունն ավելի կարևոր է, քան մարդկային արժեքները»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր