8718 դիտում
20:59 18-10-2017
Արա Բաբլոյանը հանդիպել է Լեհաստանի Սենատի մարշալեկի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը այսօր՝ հոկտեմբերի 18-ին, հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Ստանիսլավ Կարչեւսկու հետ:
Արա Բաբլոյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հույս է հայտնել, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության այցը նոր լիցք կհաղորդի հայ-լեհական միջխորհրդարանական կապերին եւ երկու ժողովուրդների բարեկամությանը: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ 2017 թվականը հայ-լեհական միջպետական հարաբերություններում առանձնահատուկ է, քանի որ այս տարի լրանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչպես նաեւ Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակը:
Արա Բաբլոյանը գոհունակություն է հայտնել Ստանիսլավ Կարչեւսկուն` սեպտեմբերի 19-ին Սենատում Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված գիտաժողովի կազմակերպմանն աջակցելու եւ ելույթով հանդես գալու համար, ինչպես նաեւ լեհահայ համայնքի պատմությանը նվիրված ցուցահանդես բացելու կապակցությամբ:
Արա Բաբլոյանի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունների ակունքում հայ եւ լեհ ժողովուրդների դարավոր բարեկամությունն է, ինչը լավ հիմք է Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ կապերի հետագա ամրապնդման համար:
«Մեր պետությունների միջեւ հաստատված է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, առկա են անհրաժեշտ նախադրյալներ միջպետական հարաբերությունների ընդլայնման համար»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը:
Այս առումով ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը մեծապես կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացումը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափում Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ առկա կապերն էլ ավելի կսերտանան:
Այս համատեքստում ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է փոխադարձ այցերի եւ բարեկամական խմբերի միջեւ շփումների առավել ակտիվացման, ինչպես նաեւ միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում խորհրդարանական պատվիրակությունների կառուցողական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով Լեհաստանում հայ համայնքի դերակատարությանը՝ Արա Բաբլոյանը նշել է, որ այն կարեւոր կամուրջ է հայ-լեհական հարաբերություններում: Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը գոհունակությամբ հիշել է, որ դեռեւս 2005թ. Լեհաստանի Սեյմն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ:
Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Ստանիսլավ Կարչեւսկին, ջերմորեն շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին այցելության համար, նշել է, որ Լեհաստանը շարունակում է մնալ լավ բարեկամ՝ հանդիսանալով Հայաստանի դեսպանը Եվրոպայում:
Նա երախտագիտություն է հայտնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ ընտրվելու հարցում Հայաստանի Հանրապետության աջակցության համար:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության հնարավոր զարգացմանը՝ տնտեսական, մշակութային, գիտակրթական եւ այլ ոլորտներում:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ստանիսլավ Կարչեւսկուն պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է նաեւ ԼՀ Սենատի նիստին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3746 դիտում
13:20 23-08-2018
Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3164 դիտում
22:05 20-10-2017
Արա Բաբլոյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի մարշալեկ Մարեկ Կուհչինսկու հետ
1227 դիտում
17:18 15-04-2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Լեհաստանի Սենատի եւ Սեյմի նախագահների հետ
Այս բաժնից
679 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1048 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
766 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»