1227 դիտում
17:18 15-04-2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Լեհաստանի Սենատի եւ Սեյմի նախագահների հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան- Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը, ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը եւ Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը, ապրիլի 14-ին Պոզնան քաղաքում պաշտոնական հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչեւսկու եւ Սեյմի նախագահ Մարեկ Կուչինսկու հետ:
Լեհաստանի խորհրդարանի երկու պալատների նախագահները շնորհակալություն են հայտնել հրավերն ընդունելու եւ Լեհաստանի Հանրապետություն այցելելու համար. այցի շրջանակում պատվիրակությունը մասնակցելու է Լեհաստանում քրիստոնեության ընդունման 1050-ամյակին նվիրված միջոցառումներին:
Էդուարդ Շարմազանովը նախագահներին ներկայացրել է Ադրբեջանի կողմից ապրիլի 1-4-ը սանձազերծված ռազմական ագրեսիայի մանրամասները: Նա նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված վայրագություններն ամբողջությամբ հիշեցնում են ԴԱԻՇ-ի գործելաոճը.
մասնավորապես, երեխայի սպանությունը, դիակների անդամահատումները, գլխատումները, ինչպես նաեւ քաղաքացիական անձանց սպանություններն իրենց տներում:
«Արցախի ժողովուրդն իրավունք ունի ապրելու անկախ, ազատ ու անվտանգ հայրենիքում, ինչպես Լեհաստանի ու մյուս պետությունների ժողովուրդները»,- իր խոսքում նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա հավելել է, որ 21-րդ դարում փակ սահմաններ ունենալն անթույլատրելի է, եւ Թուրքիան, փակելով Հայաստանի Հանրապետության հետ սահմանները, փաստացի շրջափակման մեջ է պահում Հայաստանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ մինչեւ տարեվերջ ՀՀ-ն ԵՄ-ի հետ կունենա համագործակցության հաստատված համաձայնագիր:
ՀՀ ԱԺ փոխնախագահը հորդորել է լեհական կողմին դատապարտել Ադրբեջանի կողմից սանձազերծված ահաբեկչությունը եւ միջազգային ատյաններում հնչեցնել հասցեական քննադատություն, քանի որ ակնհայտ է այն փաստը, որ Արցախի հետ շփման գծում ապրիլյան քառօրյա պատերազմում զոհեր ունենալու մեղքի ողջ պատասխանատվությունն ընկած է Ադրբեջանի ներկայիս հանցավոր իշխանության ուսերին: ՀՀ խորհրդարանի փոխնախագահը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ
ադրբեջանական կողմն ամբողջությամբ մերժում է խնդրի կարգավորման բանակցային գործընթացը թե՛ Մինսկի խմբի եւ թե՛ մյուս բոլոր ձեւաչափերով:
Խոսելով լեհ-հայկական երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների մասին՝ խորհրդարանի երկու պալատների նախագահները վստահեցրել են, որ հատկապես միջազգային հարթակներում Հայաստանն ունի լեհական կողմի մեծ աջակցությունը: Այդ աջակցության շարունակման, արդյունավետ ու համակարգված աշխատանքի ապահովման համար քննարկվել են համատեղ աշխատանքների իրականացման ձեւաչափեր:
ՀՀ ԱԺ փոխանախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի Հանրապետության խորհրդարանի երկու պալատների նախագահներին բարձր մակարդակով ընդունելության համար: ՀՀ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ այս տարի լրանում է Լեհաստանում հայկական համայնքի ձեւավորման 650-ամյակը:
Նմանատիպ նյութեր
2277 դիտում
15:11 12-07-2018
Էդուարդ Շարմազանովը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Սենատի և Սեյմի նախագահների հետ
3394 դիտում
13:11 07-09-2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Արգենտինայի Սենատի նախագահի հետ
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»