8933 դիտում
20:21 27-10-2017
Նախագահն ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի անդամներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ընդունել է Մեքսիկական Միացյալ Նահանգների Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը` խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալել բարեկամ երկրների ներկայացուցիչներին, քանզի նմանօրինակ այցելությունները նոր որակ և բովանդակություն են հաղորդում երկկողմ հարաբերություններին և լավ հնարավորություն են քննարկելու միջպետական փոխգործակցության տարաբնույթ հարցեր: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ բարեկամ Մեքսիկայի պատգամավորների այցը նոր էջ է բացելու հայ-մեքսիկական միջխորհրդարանական հարաբերություններում և նախանշելու է երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության հետագա ուղիները:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Մեքսիկայի պատգամավորների պալատում Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի ձևավորումը և իր երախտագիտությունը հայտնել պատգամավոր Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսին՝ այդ խումբը ղեկավարելու համար: Հանրապետության Նախագահի համոզմամբ, դա շնորհակալ աշխատանք է երկու երկրների ժողովուրդների միջև կապերն ամրապնդելու գործում:
Հանրապետության Նախագահը նաև ողջունել է խորհրդարանականների երկօրյա այցը Արցախ և համարել այն շատ լավ հնարավորություն ծանոթանալու Արցախի խնդրին և արցախցիներին, այդ տարածաշրջանում դարերով ապրող հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, իրենց ազատության համար պայքարող այդ մարդկանց կենցաղին:
Նախագահ Սարգսյանը, հիշատակելով անցյալ սեպտեմբերին Մեքսիկայի ժողովրդին պատուհասած բնական աղետը՝ երկրաշարժը, վստահություն է հայտնել, որ կարճ ժամանակում Մեքսիկայի ժողովուրդը և իշխանությունները ամեն ինչ կանեն, որպեսզի այդ արհավիրքի հետևանքները վերանան:
Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ խումբը կանի ամեն հնարավորը, որպեսզի համագործակցությունը շարունակաբար ամրապնդվի և խորացվի, քանզի Հայաստան և Արցախ այցի օրերին պատվիրակությունը զգացել է հայ ժողովրդի ջերմ վերաբերմունքը և բարեկամության փոխադարձ մեծ ցանկությունը:
«Մենք շատ լավ դռներ ենք բացել մեր երկու ժողովուրդների բարեկամության համար: Մեզ համար մեծ պատիվ է լինել Հայաստանի նման արժանապատիվ երկրում: Երջանիկ էինք նաև տեսնելու Արցախը՝ փոքրիկ և վեհ մի երկիր, որն արդեն մեր սրտում իր կայուն տեղն ունի»,-ասել է Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
970 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան