211652_close_icon
views-count12626 դիտում article-date 15:27 02-11-2017

Վարչապետը հանձնարարեց խմելու ջրի սակագինը պահպանելու ուղիներ գտնել

Կառավարության նիստում վարչապետը անդրադարձել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների մանրածախ սակագնի հնարավոր բարձրացման հայտին: «2017 թվականի օգոստոսի 7-ին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագների վերանայման հայտով, որով առաջարկել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը 2018 թվականի համար ավելացնել 14.3 դրամով: Նշված հայտը ներկայումս գտնվում է հանձնաժողովի կողմից ուսումնասիրության փուլում: Հայտի ուսումնասիրության արդյունքների ամփոփումից հետո, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կայացնի որոշում 2018 թվականի համար խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների բարձրացման վերաբերյալ, ապա կառավարությունն անհրաժեշտ է համարում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ համատեղ վարձակալության պայմանագրի սահմաններում գտնել մանրածախ սակագների պահպանման ուղղությամբ լուծումներ»,- ասել է կառավարության ղեկավարը: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին նա հանձնարարել է 20-օրյա ժամկետում, սակագնի փոփոխության դեպքում, կառավարության աշխատակազմ ներկայացնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործող մանրածախ սակագների պահպանման վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծ: Հանձնարարվել է նախագիծը մշակել՝ համատեղ աշխատելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ, այդ թվում՝ քննարկելով կազմակերպության կողմից վճարվող վարձակալության վճարի գումարները:

Նմանատիպ նյութեր