5470 դիտում
10:37 07-11-2017
«Գիլյոտինը» սկզբից ոչնչացնում է թագավորին, երեխաներին, հետո հեղափոխականներին. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ես հիշում եմ, թե ինչպես էին նշում բոլշևիկյան հեղաշրջման 50-ամյակը: Այն ժամանակ հեղաշրջումը կոչվում էր Հոկտեմբերյան Մեծ Սոցիալիստական Հեղափոխություն՝ բոլոր բառերը մեծատառերով: Տարեց մարդիկ՝ խոհանոցային անեկդոտների հերոսները, կանգնած էին «սրբազան դիակի» դամբարանի տանիքին և ողջունում էին «երջանիկ» ժողովրդական զանգվածներին, հաղորդավարի առույգ ձայնը «զեկուցում էր» նվաճումների մասին, օրինակ՝ քանի անգամ ավելի շատ չուգուն է արտադրվել 1913 թվականի համեմատությամբ:
1967 թվականին ամեն ինչ արդեն իսկ բավականին զվարճալի էր, զավեշտական էր, կասեի անգամ՝ կրկեսային: Որովհետև 50 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնապես արտասանած ոչ մի բառի: Համենայնդեպս՝ Հայաստանում:
100 տարի առաջ ամեն ինչ լուրջ էր և արյունով հղի՝ նաև այն պատճառով, որ հավատացողներ կային: Մարդկանց աչքերը վառվում էին, բայց ոչ թե ինչ-որ բան ստեղծելու, կառուցելու, արարելու ցանկությամբ, այլ քանդելու, ոչնչացնելու, վրեժ լուծելու կրքով՝ նախևառաջ հարուստներից, կրթված մարդկանցից, արիստոկրատներից:
Նրանք, ովքեր, զանգվածների ամենաստորին բնազդները շահագործելով, մարդկանց դրդում էին ջարդելու և վառելու, նույնպես, մեծ մասամբ, հավատում էին, թե լավ բան են անում, նպաստում են առաջընթացին, ողջ մարդկության ազատությանն ու երջանկությանը: Դե իսկ նման վեհ նպատակի համար մի քանի հազար կամ մի քանի տասնյակ հազար թշնամի գնդակահարելը, իհարկե, «հեղափոխական անհրաժեշտություն» էր՝ առաջընթացի ճանապարհին կանգնողների հետ էլ ինչպե՞ս վարվես:
«Անիծյալ» ցարիզմից և բուրժուազիայից ազատվելու այլ ճանապարհ չկար: Դա ոչ միայն այս, այլև ցանկացած այլ բռնությամբ ուղեկցվող հեղափոխության առանձնահատկությունն է: Ինձ համար, ճիշտն ասած, տարբերություն չկա, թե ովքեր էին այն արկածախնդիրները, որոնք ժողովրդին դրդում էին արյունահեղության՝ Ռոբեսպիերն ու Դանտո՞նը, թե՞ Լենինն ու Տրոցկին:
Երբ «գիլյոտինը» սկսում է աշխատել, ապա այն սկզբից ոչնչացնում է թագավորին, այնուհետև՝ նրա ընտանիքին, այդ թվում՝ անչափահաս երեխաներին, իսկ հետո, վաղ թե ուշ, հասնում է նաև հենց իրենց՝ հեղափոխականներին: Եթե մարդկանց դրդում են խլել հարուստներից նրանց հարստությունը և «մեջ-մեջ» անել, ապա այդ «մեջ-մեջ անելու» գործընթացում վաղ թե ուշ հայտնվում են մարդիկ, որոնք «ավելի հավասար են, քան հավասարները»:
Երբ որոշվում է, որ ցանկացած խոհարարուհի կարող է երկիր ղեկավարել, ապա ի վերջո՝ իշխանությունն անցնում է խոհարարուհու ինտելեկտ ունեցող մարդկանց ձեռքը: Հեղափոխություններն ապահովում են մարդկության առաջընթա՞ցը: Այո, թերևս այդպես է: Սակայն խոստովանեմ, որ անձամբ ինձ այդպիսի առաջընթաց պետք չէ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
23451 դիտում
21:32 02-08-2019
Ինչու՞ է Մխիթար Հայրապետյանը մերժում հեղափոխականներին. նրա վարորդը քանաքեռցի Տույի ընկերն է. armday.am
1456 դիտում
23:45 02-06-2014
Կարգավորիչ գիլյոտինը Հայաստանում գումար կխնայի
1118 դիտում
17:04 22-10-2015
Կարգավորիչ գիլյոտինը շարունակում է կրճատումներն ու պարզեցումները
Այս բաժնից
1801 դիտում
09:00 21-12-2024
Տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ. նախագիծ. «Փաստ»
1663 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1300 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»