Ստամբուլում գրքի 36-րդ միջազգային տոնավաճառում ներկայացվել են Հայոց ցեղասպանության մասին գրքեր
Ստամբուլում բացված Գրքի 36-րդ միջազգային տոնավաճառում Հայոց ցեղասպանության, հայկական մշակույթի ու մեծանուն հայերի մասին պատմող գրքերը ներկայացված են հայկական «Արաս», թուրքական «Իլեթիշիմ» և «Բելգե» հրատարակչությունների սեղաններին: Տեղեկացնում է տոնավաճառի պաշտոնական կայքը:
Տոնավաճառում իր ոչ կոմերցիոն անկյունն է ներկայացրել նաև Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:
Տոնավաճառն արդեն այցելել և ընթերցողների հետ հանդիպում է ունեցել ստամբուլահայ գրող Մկրտիչ Մարկոսյանը: Սպասվում են համշենահայ գրող Մահիր Օզքանի և պոլսահայ Զաքարյա Միլդանօղլուի հետ հանդիպումները:
Այս տարի Գրքի տոնավաճառին մասնակցում են հյուրեր Կոլումբիայից, Գերմանիայից, Ռումինիայից, Չինաստանից, Ադրբեջանից, Իրանից, Քաթարից և այլ երկրներից: Տոնավաճառը կգործի մինչև նոյեմբերի 12-ը: