211652_close_icon
views-count3698 դիտում article-date 21:51 22-11-2017

Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնը հագեցած կլինի վարպետության դասերով

Նոյեմբերի 21-26-ը մայրաքաղաքում անցկացվող Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը, փառատոնի նախագահ էմմա Սարգսյանը ներկայացրել են փառատոնի նպատակներն ու այս տարվա ծրագրի մանրամասները: Ասուլիսին ներկա են գտնվել նաև փառատոնին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող միջազգային գովազդային առաջատար ընկերությունների՝ Saatchi & Saatchi ընկերության բրենդի ռազմավարության պատասխանատու Շանթ Հալեբյանը, Standard Vision կազմակերպության փոխտնօրեն Քևին Բարթանիանը, Jung von Mat կազմակերպության գլխավոր կրեատիվ տնօրեն Ալեքսանդր Ամարալը և IKRA ստեղծարար մտածողության դպրոցի հիմնադիր Վասիլիյ Լեբեդևը: Ներկայացնելով փառատոնի ընդհանուր ծրագիրը՝ Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ երկրորդ տարին անընդմեջ անցկացվող փառատոնի հիմնական նպատակն է ներդնելով միջազգային փորձը՝ զարգացնել մայրաքաղաքում արտաքին գովազդի ոլորտը: «Երևանի քաղաքապետարանն, անշուշտ, տարվա ընթացքում մշակում և կյանքի է կոչում գովազդային դաշտի արդիականացմանն ուղղված տարբեր ծրագրեր, սակայն փառատոնը ստեղծում է մի նոր հարթակ, ինչը հնարավորություն է տալիս զարգացնելու ոլորտը՝ ապահովելով գովազդային արշավների բարձր որակ: Այդ նպատակով այս տարի հատուկ ուշադրություն է դարձվել փառատոնին երիտասարդների, մասնավորապես տարբեր բուհերի ուսանողների ներգրավմանը, ովքեր, վստահ եմ, այս օրերին նախատեսված միջոցառումների և վարպետության դասերի ընթացքում կլրացնեն իրենց փորձն ու գիտելիքների պաշարը»,- նշել է Արազ Բաղդասարյանը: Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնի նախագահ Էմմա Սարգսյանն իր հերթին նկատել է, որ այս տարի փառատոնը հյուրընկալել է աշխարհահռչակ 5 ընկերությունների արտ-տնօրեններին, որոնք էլ կվարեն առանձին վարպետության դասեր և կկիսվեն իրենց փորձով: Փառատոնի շրջանակում կազմակերպված մրցույթների արդյունքներով լավագույն առաջարկների հեղինակները հնարավորություն կունենան իրագործելու իրենց գովազդային մտահղացումները: Գովազդային միջազգային ընկերությունների մասնագետները, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, ողջունել և կարևորել են քաղաքային իշխանության կողմից գովազդային դաշտի զարգացմանն ուղղված քաղաքականությունը: Վերջինները նաև նկատել են, որ Երևանը մեծ ներուժ ունի՝ դառնալու ոլորտի առաջատար քաղաքներից մեկը: Փառատոնը կեզրափակվի նոյեմբերի 25-ին կայանալիք մրցանակաբաշխությամբ: Ծրագրի շրջանակում հայկական գովազդային շուկայում լավագույնը ճանաչված նմուշները 7 անվանակարգում՝ կրեատիվ մոտեցում, լավագույն գովազդային արշավ, սոցիալական գովազդ, լավագույն գովազդային կրիչ, լավագույն գովազդային կրիչի նախագիծ, չիրականացված գովազդային արշավ և լավագույն ադապտացիա, միջազգային ժյուրիի ընտրությամբ կպարգևատրվեն:

Նմանատիպ նյութեր