211652_close_icon
views-count5576 դիտում article-date 20:34 24-11-2017

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման արարողությանը

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման արարողությանը ելույթով հանդես է եկել նախարար Է. Նալբանդյանը։ ՀՀ արտգործնախարարը մասնավորապես ասել է. «Ձերդ գերազանցություններ, Նախագահ Սարգսյան, Նախագահ Տուսկ, Բարձր ներկայացուցիչ Մոգերինի, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը դարձավ այս գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը։ Այս համընդգրկուն և հավակնոտ համաձայնագիրը մեր համատեղ ձեռքբերումն է, որը նոր գլուխ է բացում Հայաստանի ու Եվրոպական Միության հարաբերություններում։ Այն կուռ իրավական հիմք է հանդիսանում քաղաքական երկխոսության ամրապնդման, տնտեսական ու ոլորտային համագործակցության ընդլայնման, առևտրի ու ներդրումների համար նոր հնարավորությունների ստեղծման, և շարժունակության մեծացման համար՝ ի շահ մեր քաղաքացիների։ Համաձայնագիրը նոր խթան կհանդիսանա ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ Հայաստանում ընթացքող բարեփոխումների համար։ Կարևոր է, որ համաձայնագիրը վերահստատում է Եվրոպական Միության հայտարարված հանձնառությունը աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման ջանքերին ու մոտեցումներին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման և տարածքային ամբողջականության։ Հայաստանը պատրաստակամ է այսուհետ ևս զարգացնել և ամրապնդել ԵՄ հետ համապարփակ համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում` հիմնվելով այս համաձայնագրի վրա։ Հավատացած ենք, որ նախորդ տարիներին մեր ունեցած ձեռքբերումները կուռ հիմք են հանդիսանում՝ շարունակելու ու առավել ընդլայնելու մեր գործընկերությունը և, անշուշտ, այս նոր համաձայնագիրը մեր հարաբերությունները կբարձրացնի որակական նոր մակարդակի։ Շնորհակալություն»։

Նմանատիպ նյութեր