211652_close_icon
views-count14181 դիտում article-date 09:27 29-11-2017

«Մաուզերիստների» իշխանության ավարտը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի հերոս, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, սյսօր մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է ազատազրկման 6 տարի ժամկետով։ Իհարկե, դատավարությունը չտվեց այն հարցի պատասխանը, թե Բաբայանն ու մյուսներն ինչքանով էին մեղավոր կամ անմեղ, ու հայաստանյան արդարադատությունից որևէ մեկն այդ հարցի պատասխանը չի էլ ակնկալում: Միայն այն հանգամանքը, որ Սամվել Բաբայանը ձերբակալվեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի պիկին, երբ նրա փաստացի առաջնորդությամբ գործող ՕՐՕ դաշինքն, ըստ էության, պատրաստվում էր «տրաքացնել» ընտրական գործընթացը, արդեն քաղաքական որոշակի ենթատեքստ է հաղորդում գործին, ավարտված դատավարությանը: Բայց տեղի ունեցածը քաղաքական և հանրային ընդվզման տեղիք չտվեց` որոշակիորեն լեգիտիմացնելով իշխանության քայլերը, մանավանդ, որ ՕՐՕ դաշինքը ընտրական կամպանիայի ակնհայտ հետնապահներից մեկն էր: Սա ինքնին խոսուն հանգամանք է և հուշում է, որ մեր հասարակությունն ավելի պրագմատիկ է դարձել և, ըստ էության, մերժում է պսևդոհեղափոխականությունն ու «մաուզերիստական» մտածողությունը: Ինքը` Սամվել Բաբայանը, ամբողջ դատավարության ընթացքում հրաժարվեց այն քաղաքականացնել` չնայած տողատակերով անընդհատ ուղերձներ էր հասցեագրում Սերժ Սարգսյանին, ու շատերին թվում էր` ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարի ու իշխանությունների միջև ձևավորվել է կոմպրոմիս, սակայն այսօրվա դատավճիռը եկավ հաստատելու հակառակը: Այսօրվա դատավճիռն ավելի խորքային փոփոխությունների հետևանք է: Հայաստանում ավարտվում է «մաուզերիստների» իշխանությունը և այդ կարգավիճակը նրանց այլևս արտոնություններ չի տալիս դատարաններում կամ այլուր: Հաջորդ խորհրդարանում «մաուզերիստների» չենք տեսնի: Դա չի նշանակում, որ քաղաքական համակարգի որակը լավանում է. այն «քաղաքակրթվում» է` այլևս չունենալով «հրացանով» մարդկանց անհրաժեշտությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր