211652_close_icon
views-count1869 դիտում article-date 18:00 24-02-2014

Իշխանության համա՞ր, թե՞ իշխանության դեմ

«Պետք է բոլորը միանան, որ հաջողության հասնեն» ժողովրդահաճո ապաքաղաքական արտահայտությունն ունի քանակային մտածողության հիմք և չի կարևորում գաղափարական, ծրագրային հիմնավորումները: Համախմբված գործունեությունն առաջնորդվում է փոխզիջումներով, հանգում միջինացված քայլերի և դրական ազդեցություն չի ունենում կուսակցությունների զարգացման վրա: Համախմբումներն ունեն նաև քողարկված էֆեկտ. վերահսկել ու մեկ կետից համակարգել քաղաքականների գործողությունները: Այնուամենայնիվ, համախմբումներն ու միավորումները դրական, ողջունելի և նախընտրելի են միայնակ գործելիս, երբ միայնակ հաջողության հասնողի դեֆիցիտ կա: Սակայն ընդդիմադիր համախմբումները երբեմն սահմանափակվում են անարխիստական ձևակերպմամբ` «վատ իշխանության դեմ»: Երբ քաղաքական գործունեությունը չունի իշխանության հասնելու հավակնություն, ապա միայն իշխանության դեմ գործունեությունն անարխիստական է: «Ես իշխանություն չեմ ուզում, այլ պարզապես ուզում եմ, որ սրանք չլինեն» արտահայտությունը զուտ անարխիստական է: Կա նաև ավելի լուսանցքային մոտեցում. «Սրանց հեռացնենք իշխանությունից, թող ով ուզում է, լինի» ասողներն իշխանության որակի մասին պատկերացում չունեն: Այս մտածողությունը դառնում է արտագաղթի երկրորդային պատճառ: Քաղաքական ուժերի միջև պայքարը կարող է լինել իշխանության ընդլայնման, իշխանության պահպանման, իշխանության հասնելու, իշխանությունը վերցնելու, իշխանությունը խլելու համար... Ամեն դեպքում՝ իշխանության համար։ Իսկ իշխանության համար պայքարն այդպես էլ կոչվում է՝ «իշխանության համար»։ Այն ի սկզբանե ազնիվ է իր հակառակորդների, մրցակիցների, դաշնակիցների, համակիրների և ժողովրդի նկատմամբ։ Նույնիսկ իշխանության համար ինքնանպատակ պայքարը, երբ չեն մանրամասնվում ծրագրերն ու նպատակները, ավելի բարոյական է, քան իշխանության դեմ պայքարը՝ առանց իշխանության հավակնության։ Պետության զարգացմանն ընթացք, ուղղություն, որակ հաղորդելու խնդիր ունեցողը պայքարում է իշխանության համար։ Եթե հակակառավարական ելույթը չի հավակնում իշխանության, ապա այն քաղաքական գործընթաց չէ, հասարակական-քաղաքացիական գործունեություն է, բարձրացնում է քաղաքացիական-հասարակական ակտիվությունը, հող նախապատրաստում քաղաքական միավորների և միավորումների՝ ասպարեզ գալու ու գործունեության համար։ [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր