211652_close_icon
views-count8095 դիտում article-date 22:56 29-11-2017

Բազմաբնակարան շենքերի և շրջանային հիվանդանոցի շահագործումը նոր շունչ կտա Բերձորին. քաղաքապետ

Քաշաթաղի շրջանի Բերձոր շրջկենտրոնում զուգահեռ ընթանում են բազմաբնակարան շենքի և շրջանային հիվանդանոցի կառուցման ինտենսիվ աշխատանքները: «[url=http://artsakhpress.am/arm/news/76979/bazmabnakaran-shenqeri-ev-shrjanayin-hivandanoci-shahagortsumy-nor-shunch-kta-berdzorin-qaxaqapet.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում Բերձորի քաղաքապետ Արտյոմ Սարիբեկյանն ասել է, որ պետական բյուջեի միջոցներով կառուցվող 18 բնակարանանոց շենքը նախատեսված է երիտասարդ, նորաստեղծ ընտանիքների համար: «Ծրագրի շրջանակում ևս մեկ՝ 24 բնակարան ունեցող շենքի շինաշխատանքները սկսվել են և նախատեսվում է ավարտել 2018 թվականին»,- ասել է քաղաքապետը: Ա. Սարիբեկյանի խոսքով՝ երկար ընդհատումներից հետո ուրախալի է, որ Բերձորում վերջապես վերսկսվել են շրջանային բուժմիավորման նոր շենքի կառուցման աշխատանքները: «2012թ.-ին սկսված շինարարության առաջին փուլով իրականացվել է շենքի հենապատերի կառուցումը, տարածքի հողային հարթեցումը, արտաքին հարդարումը, լուսամուտների տեղադրումը և շինարարական այլ աշխատանքներ: Այնուհետև տարբեր պատճառներով մի քանի անգամ ընդհատվել է շենքի շինարարությունը: Ներկայումս կատարվում են ներքին ու արտաքին ինժեներական կոմունիկացիաների մոնտաժային, մուտքի և ելքի աստիճանավանդակների, սալիկապատման, կոյուղու կառուցման աշխատանքները: Ըստ նախագծի, բուժհաստատությունը կունենա վիրահատարան, ծնարան, դիահերձարան, մանկական բաժանմունք և ստացիոնար բուժման համար անհրաժեշտ պայմաններ»,- նշել է քաղաքապետը՝ ընդգծելով, որ բազմաբնակարան շենքերի և շրջանային հիվանդանոցի շահագործումը նոր շունչ կտա Բերձորին: Շրջկենտրոնում տարեկան միջինը 50 ծնունդ է գրանցվում: Բացի դրանից քաղաքի բնակչությունն ամեն տարի աճում է նաև հայրենադարձության ծրագրի արդյունքում: «Ունենք 2 հիմնական դպրոց, որտեղ սովորում են ավելի քան 400 աշակերտներ, իսկ մանկապարտեզ հաճախողների թիվը 120 է, չնայած պահանջն ավելի մեծ է»,- նշել է քաղաքապետը և ավելացրել, որ խնդիրը լուծելու համար գալիք տարի նախատեսված է նաև նոր մանկապարտեզի շենքի կառուցում:

Նմանատիպ նյութեր