211652_close_icon
views-count7285 դիտում article-date 08:58 30-11-2017

Հե՜յ, ո՞վ կա. ՀՀ-ի հասցեին լուտանքները չե՞ք լսում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական լրատվադաշտը, որն իհարկե ամբողջությամբ գտնվում է իշխանամերձ կապիտալի ենթակայության ներքո կամ պարզապես պետական սեփականություն է, շարունակում է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրին անդրադարձերի ալիքը, որի ընթացքում Հայաստանի գլխին թերևս առանց չափազանցության լցվում է ուղղակի լուտանք: «Զվեզդա»-ին, հետո նոյեմբերի 24-ին Հայաստան-ԵՄ ստորագրությանը զուգահեռ «Առաջին ալիք»-ին, միացել է նաև ՆՏՎ հեռուստաընկերությունը, որը «Գազպրոմ»-ի սեփականությունն է: Այդ հեռուստաընկերությունը հաղորդում է նվիրել Հայաստան-ԵՄ համաձայնագրին, որի ընթացքում հնչել են Հայաստանի հասցեին վիրավորական, արհամարհական, նաև զրպարտիչ բազմաթիվ արտահայտություններ: Հետաքրքիր է, որ «Զվեզդա»-ի հայտնի, աղմկահարույց անդրադարձից հետո Հայաստանի իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, սկսեց հպարտությամբ թափահարել մի նամակ, որն իբր՝ «Զվեզդա»-ի տնօրինությունը ներողության տեքստով հղել էր Ռուսաստանում Հայաստանի դեսպանին: Եվ այդ նամակը ՀՀԿ-ն ներկայացնում էր գրեթե ճակատամարտ շահածի հպարտությամբ: Բայց այդ կիսանամակից հետո ռուսական հեռուստադաշտում Հայաստանի գլխին շարունակում են լցվել ամբողջական լուտանքները: Ի՞նչ նամակ է ցույց տալու ՀՀԿ-ն այս անգամ, որպես իշխող քաղաքական ուժ, որին թերևս պետք է որ հուզի Ռուսաստանի դաշնային հեռուստաալիքներով Հայաստանի հանդեպ այդօրինակ արտահայտությունները: Հայաստանի հասցեին լուտանքներ թափելու մեդիահարթակ է դառնում մի հեռուստաալիք, որը պատկանում է մի ընկերության, որին պատկանում է Հայաստանի գազային ոլորտի մենաշնորհը և որի հետ Հայաստանն ունի հայտնի պայմանագիրը: Խոսքը իհարկե «Գազպրոմի» մասին է: Նույնը նաև «Առաջին ալիքը», որի եթերում որևէ մեկը կարող է հայտարարել, որ Հայաստանը թշնամի է, իսկ Ղարաբաղը՝ ադրբեջանական տարածք, որի հարցը պետք է լուծեն Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը: ՀՀԿ-ն, Ռուսաստանում Հայաստանի դեսպանը, վերջապես Հայաստանի արտգործնախարարությունը, որևէ նամակ ունե՞ն այդ առիթով ցույց տալու: Կամ, Ռուսաստանում այսպես ասած հայկական զբոսաշրջային գրավչության ուղղությամբ ակտիվության կոչ անող վարչապետը ունի՞ ռուսական հեռուստամեդիայով Հայաստանը թշնամի հռչակելու առիթով ասելու որևէ բան, թե՞ երբ Հայաստանը ֆեդերալ ալիքով կարող է հռչակվել թշնամի և լուտանք տեղալ Հայաստանի գլխին, դա ավելի մեծ քանակի զբոսաշրջիկներ կբերի Հայաստան: Ի վերջո Հայաստանը պետությո՞ւն է, թե՞ ոչ, որը պատրաստ է բավականին բաց տեքստով պաշտպանել իր պետական արժանապատվությունը ռուսական ֆեդերալ հեռուստադաշտում: Թե՞ հրապարակային կարող են լինել միայն հավատարմության երդումները ԵՏՄ-ին և ՀԱՊԿ-ին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր