211652_close_icon
views-count4593 դիտում article-date 10:58 30-11-2017

Եվրամիությունը կարող է աջակցել, եթե տեղներիցս շարժվենք. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Եվրամիության հետ կնքած համաձայնագիրը երկուստեք պարտավորությունների ցանկ է, ինչպես ցանկացած միջազգային պայմանագիր: Եթե փաստաթուղթը վավերացվի, կողմերը պետք է այդ պարտավորությունները կատարեն: Որոնք են դրանցից, իմ կարծիքով, առավել կարևոր: Կոռուպցիայի դեմ պայքար: Ես նայում էի նախագահի և ՀՔԾ աշխատակիցների հանդիպումը, և երբ ցույց էին տալիս դահլիճը, այն դեմքերը, որոնք պետք է որ պայքարեն պաշտոնյաների կոռուպցիայի դեմ, զուտ առաջին հայացքից ինձ հավատ չեն ներշնչում: Հնարավո՞ր է պայքարի իմիտացիա անել, թե պայքարում ես կոռուպցիայի դեմ՝ այնպես, որ եվրոպացիները չհասկանան, որ դա իմիտացիա է: Կարծում եմ՝ ոչ, հնարավոր չէ: Ուկրաինայի օրինակը աչքներիս առաջ է՝ այդ երկրի ղեկավարությանը չի հաջողվել խաբել եվրոպացիներին, թե իբր նրանք պայքարում են կոռուպցիայի դեմ, ԵՄ-ն էլ նրանց որոշակի չափով «փողից կտրել է»: Այնպես չէ, որ Հայաստանում ոչ մի բան չի արվում՝ կարող եմ դատել միջին բյուրոկրատիայի դժգոհություններից. «արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք»: Բայց իրականում քիչ բան է փոխվել, և եթե չլինեն գործնական քայլեր, ոչ մեկի աչքերին հնարավոր չի լինի թոզ փչել: Մենաշնորհների դեմ պայքար: Խոսքը շաքարի և բանանի մասին չէ, ինչի մասին սիրում են գրել լրագրողները: Շատ երջանիկ կլինեինք, եթե մենաշնորհները սահմանափակվեին մանրածախ առևտրով: Խոսքն ավելի լուրջ բաների մասին է՝ իշխանական հովանավորչություն չունեցող արտադրությունները՝ սկսած «ձկնանոցներից» և վերջացրած տրիկոտաժով, ոչ մի շանս չունեն արտադրելու, ապրանք իրացնելու և, առավել ևս, արտահանելու, իսկ մրցակցության բացակայության պայմաններում ներքին և արտաքին շուկաներում մրցունակ ապրանք արտադրելն անհնար է: Անկախ դատարաններ: Համեստորեն լռենք, որովհետև այդտեղ, ի տարբերություն այլ ոլորտների, անգամ չնչին տեղաշարժ չկա՝ ի հեճուկս կառուցվածքային փոփոխությունների: Այսօրվա դատարանները նույն 1970-ական թվականների խորհրդային դատարաններն են: Ազատ ընտրություններ: Դարձյալ՝ այն, ինչ արվել է, շատ քիչ է. առանց ծեծուջարդի ընտրությունները դեռևս ժողովրդավարական ընտրություններ չեն: «Լավ տղերքն» իրենց փողի քսակներով պարզապես խոչընդոտում են ընտրությունների արդար ընթացքին: Մինչև հաջորդ ընտրությունները մնացել է ընդամենը չորս տարի... Պարզ է, այդ ամենը պետք է ոչ թե ԵՄ-ին, այլ մե՛զ, որպեսզի մեր երկիրը զարգանա, դրանք իսկապես ազգային անվտանգության խնդիրներ են: Եվրամիությունը մեզ կարող է աջակցել, եթե մենք տեղներիցս շարժվենք, և չի աջակցի, եթե ամեն ինչ մնա այսօրվա նման»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր