Արտակ Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցում բացվեց թշնամու դավադիր գնդակից զոհված Արամ Մեջլումյանի անունը կրող դասարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Արարատի մարզի Շահումյան գյուղի Արտակ Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցում բացվեց 2009 թվականին թշնամու դավադիր գնդակից զոհված Արամ Մեջլումյանի անունը կրող դասարան:
Հերոսի անունը կրող դասարանի պատերին նրա լուսանկարներն էին, մեդալները: Նա նույնպես այդ դպրոցում է սովորել՝ աչքի ընկնելով իր համեստ, աշխատասեր և ընկերասեր բնավորությամբ:
Ներկաները նախ այցելեցին Արամի գերեզմանին, ծաղիկներ խոնարհեցին, այնուհետև այցելեցին դպրոց:
Կարմիր ժապավենը կտրելու հանդիսավոր արարողությունը վստահված էր փոքրիկ Արամին, ով հերոս Արամի քրոջ արու զավակն է:
Արդեն հերոսի անունը կրող դասասենյակում դպրոցի աշակերտները պատմեցին նրա մասին, հնչեցին հայրենասիրական հուզիչ կատարումներ: Միջոցառմանը ներկա էին Արամի ընտանիքի անդամները, որդեկորույս մայրեր, համագյուղացիներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ, ուսուցիչներ, աշակերտներ:
Դպրոցի տնօրեն Վարսիկ Ստեփանյանը ներկայացրեց դասասենյակի պատրաստման գործընթացը, պատմեց Արամի մասին, ինչպես նաև բարձր գնահատեց մերօրյա հերոսների սխրանքն ու նվիրվածությունը հայրենիքին:
Արամի ծնողներին հանձնվեցին պատվոգրեր և «Զորավար Անդրանիկ» ոսկե մեդալ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի