211652_close_icon
views-count4911 դիտում article-date 16:16 05-12-2017

Լեհաստանում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Ամանորի բարեգործական տոնավաճառին

Դեկտեմբերի 3-ին Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների կանանց (ամուսինների) ասոցիացիան (SHOM) Վարշավայի Marriott հյուրանոցում կազմակերպել էր Ամանորին նվիրված հերթական 10-րդ բարեգործական տոնավաճառը։ Տոնավաճառն անցկացվում է ԼՀ առաջին տիկնոջ՝ Ագատա Կարնհաուսեր-Դուդայի բարձր հովանու ներքո։ Տոնավաճառին մի քանի տաղավարներով մասնակցում էր նաև Լեհաստանում ՀՀ դեսպանությունը՝ ներկայացնելով հայկական հուշանվերներ, զարդեր, կոնյակներ, գինիներ, քաղցրավենիք, ավանդական ճաշատեսակներ։ Տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությունից հետո, շրջայցի ընթացքում Հայաստանի տաղավար է այցելել և գնումներ է կատարել նաև Լեհաստանի Առաջին տիկինը։ Հայաստանի տաղավարի ներկայացմանը մասնակցել են Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Կրակովում բնակվող հայազգի քանդակագործ Անի Մուրադյանը, «Հայ-լեհական կապերի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, հայկական ավանդական զարդանխշերով գոտիների արտադրությամբ զբաղվող Պժեմիսլավ Զամվրիցկին, Վարշավայի և Լեգիոնովոյի հայկական ռեստորանները և այլն։ Տոնավաճառի մշակութային ծրագրի շրջանակներում հայկական երգերի կատարումներով հանդես եկան Վարշավայում բնակվող հայազգի երգիչներ Արթուր Գյուրջյանը, Սոնա Մաթևոսյանը և Նոէլ Մարտիրոսյանը: Բարեգործական տոնավաճառի հասույթը փոխանցվելու է Լեհաստանում գործող մի շարք բարեգործական, հասարակական և կրթական կազմակերպություններին:

Նմանատիպ նյութեր