211652_close_icon

Պատերազմը չի ավարտվել, որ նոր պատերազմ «խցկենք» արանքում. Արեգ Սարդարյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. iravaban.net

views-count32982 դիտում article-date 22:35 17-12-2017
«Անկեղծ ասած ես արդեն չեմ էլ հիշում, թե ո՞ր տարիքից եմ պատրաստ եղել 18 տարեկանում բանակ գնալուն, ու փոքր ժամանակից սկսած իմացել եմ, որ պետք է գնամ, զինվոր դառնամ»,- պատմում է Արեգ Սարդարյանը՝ Քառօրյա պատերազմի մասնակից ավագ սերժանտը, ով զորացրվելու օրը «Անդրանիկ Օզանյան» մեդալով է պարգևատրվել: Արեգն ասում է, որ եթե միայն վատի դեպքում պատիժը չի լինում, այլ նաև լավ բան ես անում ու գնահատվում, պարտավորված ես քեզ զգում: -Երբ տանը դեռ նոր-նոր սկսում էին խոսակցությունները բանակ զորակոչվելու մասին, կես կատակ-կես լուրջ ասել ես, թե գնալու ես հենց «Եղնիկներում» ծառայելու, ու այդպես էլ եղավ, գնացիր Արցախ, «Եղնիկներ»: Պատկերացումներն ու իրականությունը շա՞տ տարբեր էր: -Հայաստանում՝ ուսումնական գնդում ծառայելուց հետո տեղափոխվեցի «Եղնիկներ» ու տեղափոխվելուց հետո չէի հասկանում՝ «Եղնիկները» դրախտ էր, թե՝ դժոխք: Լրիվ տարբեր էր: Ուսումնական գնդում խստությունն ուրիշ է, ամեն դեպքում սերժանտներ են պատրաստում: Հետո արդեն «Եղնիկներում» ես հասկացա, որ դա էր իմ ուզածը: Թեկուզ շքեղ բնությունը: Ամեն ինչն իր հմայքը ուներ, ու քաղաքում մեծացած մարդու համար, ով հիմնականում հեռու է եղել նման բնությունից, ամեն ինչ ուրիշ էր: Ես բացարձակ չեմ փոշմանում, որ «Եղնիկներում» եմ ծառայել: Կարոտում եմ: -Արե՛գ, դու ավագ սերժանտ ես եղել ու եթե յուրաքանչյուր զինվոր իր համար է պատասխանատու, դու, բացի քեզնից, զինվորների համար էլ էիր պատասխանատու: Այդ զգացումն ինչպիսի՞ն է ՝ պատասխանատու լինել այլ մարդու կյանքի համար: -Ազնիվ ասեմ, կյանքում իմ ու իմ զինվորի մեջ տարբերություն չի եղել, ես էլ մի զինվոր եմ եղել: Որոշ դեպքերում հնարավոր է, որ իմ խոսքը մի քիչ ազդեցիկ պետք է լիներ: Հիմնականում դա արտահայտվում էր նրանով, որ այսպես ասած, ինչ լիներ՝ «կուժը մեր գլխին էր կոտրվելու» (ժպտում է,- հեղ․) : Այդտեղ ինձ շատ պետք եկավ ուսումնական գնդում ծառայության ժամանակ ստացած գիտելիքներս: Թեկուզ հենց Քառօրյայի ժամանակ, երբ մարդիկ էին ընտրվում ինչ-որ մարտական գործողություն կատարելու, հաշվարկներ կազմելու համար, ամեն ինչ հաշվի էր առնվում, ու այդ գիտելիքների դերն իսկապես մեծ էր: -Ըստ քեզ, հասարակությունը պե՞տք է քննադատի բանակը: -Երբ քննադատությունն իրոք տեղին ու առողջ է, կարող է, բայց սոցիալական հարթակներում հասարակական քննարկումներին հետևելիս նկատելի է դառնում, որ հասարակության վերաբերմունքը միանշանակ չէ: Մի դեպքում բանակը գրեթե սրբացվում է, մյուսում՝ հնարավորինս ցեխ են շպրտում բանակի վրա, ու հաճախ անհիմն ու անտեղի: Արեգն ու զինակիցները՝ Արցախ որպես կամավոր մեկնած պապիկի հետ -Ապրիլյան դեպքերի ժամանակ ձեր խումբը Թալիշ էր գնացել: Ի՞նչ տեսաք այդտեղ: -Մինչև Թալիշը այլ տեղերում էլ ենք եղել, բայց Թալիշը առաջին «կործանվող» տեղն էր: Մենք տրամադրված գնում էինք, որ պետք է մարտական խնդիր կատարենք: Ինտենսիվ հրետակոծություն էր ու ինչքան առաջ էինք գնում, այնքան ավելի շատ էինք թիրախ դառնում: Բայց երբ հասանք հենց բուն գյուղին, ամենավատ պահն այն էր, որ սկզբում ոչ մի կենդանի շունչ չէինք տեսել: Երբ տեսնում ենք անասուններ են գետնին ընկած, շինությունները փլված, ու մեկ էլ մի խումբ պապիկներ՝ 4-5 հոգի, իրենց հին հրացաններով ու մեր մեքենայի հետևից ձեռքով են անում։ Մինչև հիմա այդ տեսարանն աչքիս առաջ է: -Ասում ես, որ վախենում էիք ու, իհարկե, բնական էր դա: Վախն ինչի՞ց էր: -Որ ասեմ՝ չգիտեմ… Իմ վախը, որ ամենաշատն էր, ու վախ էլ չէր՝ սարսափ էր, այն էր, որ հանկարծ իմ աչքի առաջ տղերքից մեկին մի չլիներ, ես դա չտեսնեի: Եթե ամենավատ տարբերակում մի բան լինելու էր, թող սկզբից ինձ հետ լիներ, հետո այդ մարդկանց: Իմ սարսափը դա էր, չտեսնեի նման բան: Վայրկյանում, երևի, հազար միտք է անցնում մտքովդ: -Ե՞րբ ես կարողացել կապ հաստատել տան անդամների հետ: -Ապրիլի 2-ին մի պահ եմ խոսել՝ հանգստացնելու նպատակով, որ ամեն ինչ նորմալ է։ Հետո մի ընթացք անհայտ կորում ենք մինչև ամսի 7-ը: Ապրիլի 7-ին զանգում եմ տուն, շնորհավորում ու անջատում: -Որքանով տեղյակ եմ, 13 տարեկանում առաջին անգամ աշխատել ես ու տանը դրա մասին չեն իմացել: Հետո աշխատած գումարով Ամանորի սեղանի համար տարբեր գնումներ ես կատարել: Ինչպե՞ս դա ստացվեց, որ դու 13 տարեկանում, երբ դեռ երեխա էիր, որոշեցիր, որ պետք է աշխատել: -Այդ ժամանակ ես առաջին անգամ զգացի տղամարդկային պարտականությունների պատասխանատվությունը: Ինձ այդպես են մեծացրել, որ դու տղա ես, դու պետք է ինքդ քո նկատմամբ պատասխանատվություն զգաս, ու իմ մեջ դա արթնացավ, որոշեցի, որ առանց որևէ մեկին ասելու պետք է գնամ ու ինչ-որ բան անեմ: Ստացվեց: Ու դա սկիզբը դարձավ: Մինչև բանակ գնալն էլ աշխատանք ու դաս համատեղում էի: -Աշխատանքը որքա՞ն ես կարևորում երիտասարդների համար: -Աշխատանքը, հատկապես Հայաստանի պայմաններում, կենսական անհրաժեշտություն է: Եթե հաշվի առնենք, որ պաշտոնական տվյալներով ավելի քան 30 տոկոս աղքատություն կա հանրապետությունում, ուրեմն աշխատանքն առավել քան կարևոր է: Չնայած դա ինքն իրենով արդեն իսկ խնդիր է, որովհետև աշխատատեղերի խնդիր կա, և այլն ու էլ չասեմ ուսանողների համար։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://iravaban.net/176871.html#ad-image-8 © iravaban.net կայք Ֆոտոշարքը՝ Ալեքսանդր Սարգսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր