211652_close_icon
views-count6961 դիտում article-date 09:32 20-12-2017

Հայաստանն արդեն մեկ տարի վարչապետ չունի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կարեն Կարապետյանին հարցրեք՝ ինքը ցանկանո՞ւմ է դառնալ այն վարչապետը, որի մասին խոսում ենք, հայտարարում է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ 2018 թվականի առաջին դեմք վարչապետի մասին խոսելով: ՀՀԿ փոխնախագահը, փաստորեն, հեգնում կամ պարզապես ծաղրում է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալին: Ըստ այդմ՝ Գալուստ Սահակյանի հայտարարությունից ստացվում է, որ Կարեն Կարապետյանը կա՛մ խոսում է մի բանի մասին, որը չի պատկերացնում, կա՛մ էլ Կարեն Կարապետյանի հանդեպ ՀՀԿ փոխնախագահը վարվում է հայտնի անեկդոտի նման՝ սովա՞ծ եմ, թե՞ քունս ա տանում: Այսինքն՝ ստացվում է, որ Գալուստ Սահակյանն ասում է, թե Կարապետյանը գիտի՝ ուզում է, թե ոչ: Դա եթե հեգնանք կամ ծաղր չէ, ապա ինչ է: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է գործող վարչապետին: Չէ՞ որ Սերժ Սարգսյանի վարչապետության և Կարեն Կարապետյանի չվարչապետության մասին ՀՀԿ-ականների հայտարարություններն ու խոսակցությունները լսում են բոլորը, ովքեր գործ ունեն վարչապետ Կարապետյանի հետ: Այդ խոսակցություններից հետո կարո՞ղ է որևէ մեկը լուրջ ընդունել վարչապետի՝ անկախ, թե ինչ անուն-ազգանուն է նա կրում, ով է և այլն: Եթե արդեն այսօր, վարչապետի հրաժարականի դե յուրե պահանջից մոտ կես տարի առաջ իշխող գրեթե ամբողջ կուսակցությունը հայտարարում է, որ վարչապետ պետք է լինի Սերժ Սարգսյանը, ո՞վ է լուրջ ընդունելու կես տարի անց հեռացող վարչապետին: ՀՀԿ-ն գործնականում այժմ է գրում նրա դիմումը, այսինքն՝ գործնականում ՀՀԿ-ն ասում է, որ արդեն այժմ վարչապետ չկա: Համենայնդեպս, հայտարարությունները Սերժ Սարգսյանի վարչապետության մասին հենց դա են նշանակում այնքան ժամանակ, քանի դեռ Սերժ Սարգսյանն ինքը չի ասել, որ իրականում ամեն ինչ բացարձակապես այդպես չէ, և Կարեն Կարապետյանի պաշտոնավարման հարցը, մեղմ ասած, վճռված չէ: Ու քանի դեռ Սարգսյանը լռում է, նրա վարչապետության մասին, ՀՀԿ հայտարարությունները պարզապես ականներ են, որոնց վրա ամեն անգամ պայթում է Կարեն Կարապետյանը: Ըստ այդմ՝ հարց է, թե իսկ մինչև այժմ Հայաստանը վարչապետ ունե՞ր, թե՞ ընդամենը ճգնաժամային կառավարիչ, մենեջեր կամ առավելագույնը՝ տեղապահ: Այսինքն՝ Հայաստանը ոչ միայն այլևս վարչապետ չունի, այլ դե ֆակտո վարչապետ չունի արդեն մեկ տարի և ավելի: Համենայնդեպս, հակառակը պնդելու համար պետք է խոսեն երկուսից մեկը՝ կա՛մ Սերժ Սարգսյանը, կա՛մ Կարեն Կարապետյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր