211652_close_icon
views-count1783 դիտում article-date 22:42 20-12-2017

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ներկա առաջնահերթությունները, երկկողմ համագործակցության հեռանկարները: Անդրադարձ է կատարվել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածությանը և բիոտեխնոլոգիաների կիրառմանը վերաբերող հարցերին` շեշտադրելով սննդամթերքի անվտանգության և բարձր որակի ապահովման անհրաժեշտությունը: «ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընգրկվել են ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ բնապահպանության և ՀՀ առողջապահության նախարարությունների պատասխանատուներ, ոլորտում ներգրավված հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և գիտնականներ: Աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԳՁՕ-ների գործածության օրենսդրական կարգավորումներն իրականացնել «նախազգուշավորության սկզբունքով», քանի որ դեռևս ապացուցված չէ դրանց անվտանգությունը», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը: Նախարարը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է վերանայել և լրամշակումներ կատարել «ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագծի սկզբնական տարբերակում: ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն իր հերթին վերահաստատել է ԱՄՆ կառավարության պատրաստակամությունն աջակցել Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանը և փորձի փոխանակման նպատակով Հայաստան գործուղել համապատասխան մասնագետների: «Մենք կարևորում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ մեր երկարամյա գործընկերությունը, որի հիմքում գյուղական բնակավայրերում տնտեսության և մարդկանց բարեկեցության բարելավման մեր ընդհանուր նպատակն է: Հայաստանում ԱՄՆ աջակցության շրջանակում գյուղատնտեսությունը գերակա ուղղություն է, քանզի այս ոլորտում մենք աճի մեծ ներուժ ենք տեսնում, և Դեսպանությունը կշարունակի աջակցել Նախարարությանը ոլորտի կանոնակարգման ու վերահսկման գործառույթի իրականացման հարցում», - նշել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող նոր ծրագրերը, սննդամթերքի անվտանգության ապահովմանը վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր