211652_close_icon
views-count4022 դիտում article-date 09:39 22-12-2017

Հայաստանը Թուրքիայի հետ քվեարկեց ընդդեմ ԱՄՆ-ի և Իսրայելի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որով կոչ է արել ԱՄՆ-ին հետ կանգնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումից: Եմենի և Թուրքիայի ներկայացուցիչների պատրաստած բանաձևի տեքստում նշվում է, որ Երուսաղեմի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների արդյունքում և կոչ է արվում բոլոր պետություններին չտեղակայել իրենց դեսպանատները Սուրբ քաղաքում: Այս բանաձևին Հայաստանի «կողմ» քվեարկությունը կանխատեսելի էր մի քանի պատճառով: Նախ` պարզ էր, որ ԱՄՆ-ը ցանկացած պարագայում հայտնվելու է փոքրամասնության մեջ, և Հայաստանը, ըստ ամենայնի, գերադասել է համերաշխ գտնվել միջազգային հանրության հետ: Բացի այդ, գոյություն ունի Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող կալվածքների պաշտպանության հարցը ու` չնայած Իսրայելի հրապարակային հավաստիացումներին, եկեղեցին պնդում է, որ իրեն ավելի ապահով է զգում Պաղեստինի իշխանության ներքո: Մյուս կողմից` ՄԱԿ-ի բոլոր սկզբունքային քվեարկություններում Հայաստանը հետևել է Ռուսաստանի օրինակին, իսկ այս հարցում Մոսկվայի սկզբունքային որոշումը հնչել է Վլադիմիր Պուտինի մակարդակով: Սակայն գոյություն ունի նաև մեդալի մյուս կողմը: Հայաստանն Իսրայելից հետո օգնություն ստացող երկրորդ երկիրն է և կարծում ենք` այլ կերպ կարող էր դիրքավորել իրեն, որովհետև սա շատ լավ հնարավորություն կարող էր դառնալ ԱՄՆ-ի հետ ավելի մերձենալու, սերտ հարաբերություններ ստեղծելու համար: Հայաստանն, օրինակ, կարող էր ձեռնպահ քվեարկել բանաձևին, մանավանդ, որ դրա հիմնական նախաձեռնողը Թուրքիան էր: Բնականաբար, նման քվեարկությունը որոշակիորեն կնպաստեր հայ-իսրայելական հարաբերությունների զարգացմանը` հարված հասցնելով Բաքվի և Թել Ավիվի սերտ ռազմա-տեխնիկական համագործակցությանը: Պակաս կարևոր չէր այն հանգամանքը, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելով` Թրամփը ստեղծել է հակամարտությունների կարգավորման նախադեպ` հիմնված գոյություն ունեցող փաստերի վրա: Այս նախադեպը կարող էր դրական հեռանկարներ բացել նաև ԼՂ խնդրի կարգավորման համար: Այնուամենայնիվ, Հայաստանն կողմ է քվեարկել բանաձևի, որով կոչ է արվել ԱՄՆ-ին հետ կանգնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր