7077 դիտում
23:30 25-12-2017
Առողջապահության բարելավում Արցախի համար. Քաշաթաղում կլինիկա է վերանորոգվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ազատագրված Քաշաթաղի գյուղերից մեկում` Իշխանաձորում, ամիսներ տևած վերանորոգման աշխատանքներից հետո այսօր՝ դեկտեմբերի 25-ին, վերաբացվեց տեղի կլինիկան: Բացման արարողությանը մասնակցեցին Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, ինչպես նաև Արցախի առողջապահության նախարարության, Բերձորի հիվանդանոցի և Իշխանաձորի համայնքի ներկայացուցիչները:
Թուֆենկյան հիմնադրամի կողմից 2004-2006թթ. կառուցված կլինիկան Քաշաթաղի հարավում գտնվող 16 հեռավոր գյուղերին բժշկական ծառայություններ տրամադրող միակ կառույցն է: Ավելի քան մեկ տասնամյակ գործելուց հետո կլինիկան հրատապ վերանորոգման և բարեկարգման կարիք ուներ իր ծառայությունները շարունակելու համար:
Գիտակցելով այս կառույցի կարևորությունը Իշխանաձորի և ողջ հարավային Քաշաթաղի համար, Թուֆենկյան հիմնադրամը այս տարվա սեպտեմբերին հանձն առավ կլինիկայի վերանորոգումը: Ինչպես հիմնադրամի կողմից Արցախում կատարվող բոլոր շինարարական աշխատանքները, շինության վերանորոգումը վստահվեց տեղացի աշխատողներին:
Կլինիկան վերանորոգվել է ամբողջությամբ, ներառյալ պատերի, հատակի և առաստաղի բարեկարգումը, նոր պատուհանների և դռների տեղադրումը և արտաքին հարդարումը: Արդյունքում ապահովվել է այս առողջապահական կառույցի պահպանումը գալիք տասնամյակների համար:
Դիմելով բացման արարողության մասնակիցներին, Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանն ասաց`«Քաշաթաղի վերաբնակեցումը և զարգացումը կարևոր են ոչ միայն այստեղ ապրող մեր հայրենակիցների, այլ նաև ողջ Արցախի և Հայաստանի համար: Մենք պետք է շարունակենք աշխատել միասին այս ազատագրված տարածքներին նոր կյանք հաղորդելու և այստեղ ապրելու նոր հնարավորություններ ստեղծելու համար»:
Կլինիկայի բժշկական անձնակազմը ներկայումս բաղկացած է 6 մասնագետներից, ովքեր առողջապահական ծառայություններ են տրամադրում տարեկան ավելի քան 500 հիվանդների:
Կլինիկայի կողմից տրամադրվող խնամքը Քաշաթաղի համար առաջնային կարևորություն ունի: Ազատագրված այս շրջանի շատ բնակիչների համար բժշկական խնամքը դժվարամատչելի է վատ ճանապարհների և տրանսպորտի պատճառով: Մինչև վերջերս, գյուղերում գործող առողջապահական կառույցներ գրեթե գոյություն չունեին, և հաճախակիորեն հանդիպող այնպիսի դեպքերը, ինչպիսիք են օձի խայթոցները, հանկարծակի հիվանդությունները և անգամ ծննդաբերությունները, կարող էին բերել մահացության:
Իշխանաձորի կլինիկայի կառուցումը, սարքավորումներով զինումը և հետագա վերանորոգումը Թուֆենկյան հիմնադրամի կողմից` Քաշաթաղում առողջապահության բարելավմանն ուղղված ծրագրերից մեկն է: 2005 թ.-ից ի վեր հիմնադրամը կառուցել, կահավորել և սարքավորումներով է զինել հեռավոր համայնքներում, այդ թվում Մշենի և Աղավնատուն գյուղերում գտնվող մի քանի փոքր կլինիկաներ: Բացի այդ, 2008-2010թթ. հիմնադրամի նախաձեռնությամբ Քաշաթաղում գործել է շարժական կլինիկա, որը երկու տարիների ընթացքում բժշկական խնամք է տրամադրել մոտ 2000 անձանց, այդ թվում 597 երեխաների:
Արցախի ազատագրված սահմանամերձ գյուղերում առողջապահական իրավիճակի հետագա զարգացման նպատակով Թուֆենկյան հիմնադրամը 2018թ.-ին նախատեսում է կլինիկա կառուցել հյուսիսային Քաշաթաղի Մոշաթաղ գյուղում, որտեղ բժշկական որևէ ծառայություն ներկայումս հասանելի չէ:
[b]Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի մասին[/b]
Հիմնադրամը բացվել է 1999թ. գործարար Ջեյմս Թուֆենկյանի կողմից` նպատակ ունենալով հզորացնել տեղի քաղաքացիների նախաձեռնությունները, աջակցել հասարակության առավել խոցելի խմբերին, նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը և խթանել սոցիալական արդարությունը Հայաստանում: 2003թ. ի վեր Հիմնադրամը ընդլայնել է իր գործունեության շրջանակը դեպի Լեռնային Ղարաբաղ, որտեղ այն խթանում է վերաբնակեցման և զարգացման ծրագրերի իրականացումը շրջանի ամենախոցելի սահմանային գոտիներում:
[b]www.tufenkianfoundation.org
Facebook.com/TufenkianFoundation[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
5492 դիտում
17:38 21-05-2018
Քաշաթաղում մեկնարկել է բերքահավաքը. Արցախի պետական նախարարն աշխատանքային շրջայց է կատարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
6480 դիտում
11:38 19-10-2017
Արցախի վարչապետը ներկայացրել է հայրենադարձության և գյուղատնտեսության առաջիկա ծրագրերը Քաշաթաղում
Այս բաժնից
970 դիտում
15:40 06-02-2025
Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին
922 դիտում
15:16 06-02-2025
Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները
1348 դիտում
14:33 06-02-2025
Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի