211652_close_icon
views-count6412 դիտում article-date 11:26 28-12-2017

Ինչ անել, երբ ձեր շուրջը սավառնում են չարունախանձ մտքեր. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Քանի որ մոտենում է Ամանորի և Սուրբ ծննդի ժամանակը, հիշենք համաշխարհային գրականության սուրբծննդյան ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ Չարլզ Դիքենսի վիպակը, որի հերոսը` Էբինեյզեր Սկրուջը, չի հասկանում, թե ինչու են մարդիկ Նոր տարվա օրերին ուրախանում, ինչու են իրար սիրում, ինչու են իրար օգնության ձեռք մեկնում: Եվ ահա սուրբծննդյան օրերին նրան հերթով այցելում են ուրվականները և փորձությունների միջոցով հիմնովին վերափոխում են այդ մռայլ, մարդատյաց անձնավորությանը: Սա սուրբծննդյան հեքիաթ է՝ ստեղծված 19-րդ դարի կեսերին բոլոր ժամանակների լավագույն գրողներից մեկի կողմից: Ինչպես ցանկացած հեքիաթ` ունի իր խորքային իմաստը: Այն, ինչի վրա ուշադրություն չէիր դարձնում ամբողջ տարվա ընթացքում, նկատում ես, երբ գալիս է «ճշմարտության պահը»: Այն, ինչ չես հասցրել կամ զլացել ես անել ամբողջ տարվա ընթացքում, գոնե ծրագրում ես անել հաջորդ տարի: Ում որ ցավ ես պատճառել, ներողություն ես խնդրում: Ամբողջ տարվա ընթացքում վազվզել ես ինչ-որ պատրանքային «հաղթանակների», «հաջողությունների» հետևից, բայց մի պահ սկսում ես մտածել՝ իսկ արդյո՞ք այդ ամենն ինձ իսկապես պետք էր: Ահա այդպիսի «հեքիաթային», կախարդական փոփոխություններ են կատարվում մարդկանց հետ Ամանորի շեմին: Իրականում այդ հրաշքը մեր ձեռքն է և կախված է միայն մեզանից: Գալիս է չար միտքը և ցանկանում է «բնակություն հաստատել» մեր գլխում, մենք նրան քշում ենք և նրա փոխարեն «հրավիրում ենք» որևէ դրական, պայծառ միտք: Արդյունքում «չարտոնված հյուրը» ստիպված է ձեզ լքել, որովհետև, ինչպես հայտնի է, մենք չենք կարող միաժամանակ երկու տարբեր բաների մասին մտածել: Իսկ ի՞նչ անել, երբ ձեր շուրջն են «սավառնում» չարունախանձ մտքեր: Համացանցում, ինչպես արդեն մի քանի անգամ առիթ եմ ունեցել գրելու, կարելի է դրանք պարզապես չկարդալ: Երբ նման մտքերը հնչեցնում են ականջիդ տակ, դրանք հնարավոր չէ չլսել, բայց կարելի է «տոն չտալ»: Ի վերջո, «բարձրաշխարհիկ զրույցն» անպայման չէ, որ կառուցվի որևէ մեկին վատաբանելու, նրա մասին բամբասելու շուրջ: Փոխեք խոսակցության թեման, «խոսքը կտուրը գցեք», վերջապես՝ լռեք, մինչև ձեր զրուցակցի բացասական էներգիան չպարպվի: Նման պարզ գործողություններից հետո դուք կապրեք այլ աշխարհում: Այո, իրականում աշխարհը վերափոխելու մեջ ոչ մի բարդ բան չկա՝ պարզապես մենք ինքներս պետք է փոխվենք: Այնպես, ինչպես փոխվեց Էբինեյզեր Սկրուջը: Նման բաների մասին արժե մտածել ցանկացած ժամանակ, ցանկացած օր: Բայց քրիստոնյա աշխարհում դրա մասին ընդունված է մտածել սուրբծննդյան տոների ժամանակ, երբ ծնվել է Նա, ով մեզ ցույց է տվել մեր ախտերից ազատվելու ճանապարհը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր