13553 դիտում
20:55 30-12-2017
Արտակ Ալեքսանյանը ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով
ՀՀ Նախագահի այսօրվա հրամանագրով հայտնի լրագրող, մեկնաբան «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի ղեկավար Արտակ Ալեքսանյանը պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Լրագրության բնագավառում ներդրած ավանդի համար «Արմենիա» հեռուստաընկերության լրատվական դեպարտամենտի ղեկավար Արտակ Ավետիքի Ալեքսանյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով»,–ասված է Նախագահի հրամանագրում:
Կենսագրական տվյալներ.
Արտակ Ալեքսանյանը ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Երևանում։ 1998 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 2005 թ. քաղաքագիտության և միջազգային հարաբերություններ է ուսումնասիրել Հայաստանի ամերիկյան համալսարանում, այնուհետև ԱՄՆ Յուտայի համալսարանում արժանացել հաղորդակցության մագիստրոսի աստիճանի։ Լրագրողական գործունեությունը սկսել է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունում` որպես լրատվական ծառայության թղթակից։
1999-2000 թվականներին աշխատել է «Պրոմեթևս» հեռուստաընկերությունում, որպես տեղեկատվական բաժնի լրագրող, ապա` «168 ժամ» թերթի տեսաբան, 2002-2003 թթ՝ «Ինտերնյուզ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի էլեկտրոնային հրատարակության գլխավոր խմբագիր։
Մասնակցել է միջազգային աշխատանքային մի շարք հանդիպումների և վարպետության դասերի լրագրողական հետաքննության, բախումների կարգավորման, ընտրությունների դիտարկման բնագավառներում։ Բազմաթիվ հոդվածների և հրապարակումների հեղինակ է։
2000-2011 թթ եղել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրի մեկնաբան, թոք-շոուների հաղորդավար, ապա՝ գործադիր պրոդյուսեր։
Հիմնել է փաստագրական ֆիլմերի, հեռուստածրագրերի և շոուների արտադրության «Բանաձև» ընկերությունը, որը իրականացրել է «Հատուկ ռեպորտաժ», «Ականատես` իրական պատմություններ», «Ինտերակտիվ` հազարամյակի ռիթմը», «Բրիֆինգ` ուղիղ հարցեր» և այլ նախագծեր։ Արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ Երևանի մամուլի ակումբի «Լավագույն հեռուստալրագրող», ԵԱՀԿ երևանյան գրասենյակի «Բնապահպանական հիմնախնդիրներ լուսաբանող լավագույն հեռուստալրագրող», Բրիտանական խորհրդի։ 2011–2015 թթ. եղել է «Արմնյուզ» հեռուստաընկերության գործադիր տնօրենը, որտեղ վարել է «Բանաձև» հաղորդաշարը։
2015 թվականից մինչ օրս Արտակ Ալեքսանյանը զբաղեցնում է Արմենիա հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի ղեկավարի պաշտոնը։
Նմանատիպ նյութեր
1286 դիտում
18:53 20-03-2014
Արգենտինահայ կոմպոզիտոր և խմբավար Ժան Ալմուխյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով
877 դիտում
16:23 18-12-2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը «Մովսես Խորենացի» մեդալով պարգևատրել է Յասմին Դում-Թրագուտին