211652_close_icon
views-count5006 դիտում article-date 23:10 09-01-2018

Ռումինիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրի պատճենը հանձնեց Ռումինիայի արտգործնախարարության պետքարտուղարին

Հունվարի 9-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանն իր հավատարմագրի պատճենը հանձնեց Ռումինիայի արտգործնախարարության պետքարտուղար Դան Նեկուլեսկուին: Զրույցի ընթացքում պետքարտուղար Նեկուլեսկուն շնորհավորեց դեսպանին, հույս հայտնելով, որ դեսպան Մինասյանն իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական հարաբերությունների խորացմանը և կարևոր ներդրում կունենա հայ-ռումինական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանի և ԵՄ միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ երկուստեք հույս հայտնելով, որ այն նոր էջ կբացի ինչպես ՀՀ-ԵՄ, այնպես էլ ՀՀ-Ռումինիա հարաբերություններում։ Զրուցակիցներն անդրադարձան 2018թ․ Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, վստահություն հայտնելով, որ այն առավել կխթանի և կզարգացնի Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների բազմակողմ և երկկողմ համագործակցությունը՝ հաշվի առնելով Ռումինիայի՝ որպես Ֆրանկոֆոնիայի ռեգիոնալ կենտրոնի կարևոր դերակատարությունը: Կողմերն անդրադարձան նաև տարբեր ձևաչափերում համագործակցության հեռանկարներին, շեշտվեց ղարաբաղյան հակամարտության բանակցային ճանապարհով կարգավորելու կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Զրույցի ընթացքում Հայաստանի դեսպանը ընդգծեց ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ Ռումինիայի վարած քաղաքականության կարևորությունը, որի շնորհիվ մասնավորապես ռումինահայ համայնքը կարողացել է պահպանել իր ինքնությունը, սերտ կապերը Հայաստանի հետ, ինչպես նաև իր նշանակալի ներդրումը բերել Ռումինիայի հասարակական-քաղաքական և մշակութային կյանքում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Մինասյանն ընդգծեց, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքեր կներդնի երկու երկրների միջև տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությանը նոր լիցք հաղորդելու ու երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամրապնդելու համար։

Նմանատիպ նյութեր