211652_close_icon
views-count5215 դիտում article-date 14:59 18-01-2018

Կառավարությունը լուծում կտա գույքահարկի և հողի հարկի գծով կուտակված պարտքերի խնդրին

Այսօր Կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձել է կուտակված գույքահարկի, հողի հարկի ինչպես նաև այլ ոլորտներում ապառքների խնդրին: «Տեղական ինքնակառավարման ոլորտում, պետական եկամուտների կոմիտեում ինչպես նաև այլ ոլորտներում կուտակվել են իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների պարտավորություններ։ Հաշվի առնելով, որ այդ ապառքների, տույժերի և տուգանքների հավաքագրման խնդիրները, չնայած նախկինում կատարված միջոցառումների, ամբողջական լուծում չեն ստացել, հարկավոր է մշակել համակարգային մոտեցում, որի արդյունքում հնարավոր կլինի լուծել կուտակված պարտավորությունների խնդիրը և կանխել հետագայում նման ծավալի ձևավորումը»,- նշել է Կարեն Կարապետյանը։ Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է 1-ամյսա ժամկետում տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության, ֆինանսների նախարարներին, պետական եկամուտների կոմիտեի նախագահին և ՀՀ մարզպետներին ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գույքահարկի, հողի հարկի, ապառքների և այլ պարտադիր վճարների մասով գոյացած պարտավորությունների մարման, լուծման մեխանիզմների, ինչպես նաև նման պարտավորությունների չկատարման համար ներկայումս գործող օրեսնդրական կարգավորումների հստակեցման և նման դեպքերի կանխարգելման վերաբերյալ առաջարկություններ։ «Մենք պետք է մեկ անգամ հիմնավորապես այդ խնդիրը լուծենք, մաքրենք և մաքուր էջից սկսենք: Որևէ խնդիր չկա դա բեռ դարձնել, ունենք տարիներով կուտակված նախկին պարտքեր, մենք առաջարկելու ենք ճկուն մեխանիզմներ, որպեսզի այս տույժ ու տուգանքներն էլ անընդհատ չգան և վերջում դառնան անլուծելի խնդիր: Այդ իսկ պատճառով այստեղ պետք է շատ հաշվարկված, տրամաբանական, գուցեև համարձակ առաջարկություն տրվի»,- ասել է վարչապետը:

Նմանատիպ նյութեր