211652_close_icon
views-count6444 դիտում article-date 14:55 22-01-2018

Հայ ընթերցողը բացահայտում է Էքզյուպերիին.ներկայացվեց «Գիշերային թռիչք»-ի հայերեն թարգմանությունը

Ֆրանսիացի հանրահայտ գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի արժեքավոր ստեղծագործությունները շարունակում են դրվել ընթերցողների սեղանին՝ հայերեն թարգմանությամբ: Արդեն իսկ հասանելի է սիրված գրողի «Գիշերային թռիչք» վիպակի հայերեն թարգմանությունը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է Շուշանիկ Թամրազյանը: «Էքզյուպերին այն հեղինակներից է, որոնց հետ միշտ էլ թարգմանիչը երազում է առնչվել: Իսկապես շատ շնորհակալ եմ, որ այս թարգմանությունն եմ արել: Սա բարձրարժեք գրականության նմուշ է: Էքզյուպերին շատ լուրջ, խստապահանջ ուղերձներ է հղում ընթերցողին, ստիպում մտածել «թռիչքի» մասին: Էքզյուպերիի նման գրողների համար չկա ավելի ողբերգական բան, քան խեղված թռիչքն է: Եվ Էքզյուպերին դա կարողանում է ասել առանց ավելորդ պաթետիզմի, գեղեցիկ պարզությամբ»,-գրքի շնորհանդեսի ընթացքում նշեց Շուշանիկ Թամրազյանը, ով արդեն իսկ հասցրել է հայերեն թարգմանել Էքզյուպերիի «Մարդկանց երկիրը», որը մեծ պահանջարկ է վայելում ընթերցասերների շրջանում: Թարգմանչի խոսքով՝ «Գիշերային թռիչք» վիպակը լույս տեսնելուն պես մեծ ճանաչում է բերում հեղինակին: Այն առաջին անգամ հրատարակվել է 1931 թվականին Գալիմար հրատարակչությունում, նույն թվականին արժանացել է «Femina» գրական մրցանակին: Ըստ Շուշանիկ Թամրազյանի՝ Էքզյուպերիի բոլոր ստեղծագործոթյունների հիմքում անձնական փորձն է, այս գործն էլ բացառություն չէ, քանի որ այս դեպքում էլ ամեն ինչ թելադրված է անձնական փորձով: Իսկ հեղինակի ստեղծագործությունների պարզությունը չափազանց խաբուսիկ է… «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-նախագահ Մկրտիչ Կարապետյանը շնորհանդեսի ընթացքում հատուկ շեշտեց՝ Էքզյուպերին հանճար է թե՛ որպես գրող և թե՛ որպես մարդկային հարաբերությունների գիտակ: Նա ընդգծեց, որ Շուշանիկ Թամրազյանը հիանալի թարգմանություն է կատարել: «Էքզյուպերիի գործերը չի կարելի մատների արանքով թարգմանել, և Շուշանիկ Թամրազյանը նույնպես այդպես է մտածում: Եվ արդյունքում թարգմանությունը շատ լավ է ստացվել: Մենք բոլորս ծանոթ ենք Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանին», և այժմ ծանոթանում ենք նրա թողած ժառանգությանը՝ հրատարակելով նրա գրքերը: Շուտով հայերեն թարգմանությամբ լույս կտեսնեն հեղինակի «Ռազմական օդաչուն», «Նամակ պատանդին», «Միջնաբերդը» ստեղծագործությունները»,-տեղեկացրեց Մկրտիչ Կարապետյանն անդրադառնալով նաև հրատարակչության առաջիկա ծրագրերին: Նշենք, որ «Գիշերային թռիչք» վիպակն Էքզյուպերիի երկրորդ արձակ ստեղծագործությունն է: Փոստային առաքումներ իրականացնող ավիաընկերության տնօրեն Ռիվիերն ու իր գործընկերները պայքարում են հանուն գիշերային թռիչքների, որոնք անիմանալի խիզախում են պահանջում օդաչուներից: Վիպակում պատկերված են կյանքի և մահվան սահմանեզրին կանգնած մարդու ապրումները, մահը ժխտող անխորտակ հույսը:

Նմանատիպ նյութեր