2224 դիտում
16:44 05-02-2018
Նախորդ տարիների համեմատ բացօթյա ապօրինի առևտրի դեմ միջոցառումների արդյունքները ակնառու են, բայց դեռ գոհացուցիչ չեն. Երևանի քաղաքապետի տեղակալ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարի ռազմավարության և առաջիկա անելիքների վերաբերյալ ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել առևտրի ոլորտի պատասխանատուների և վարչական շրջանների ղեկավարների տեղակալների հետ: Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը, ՊՊԾ գնդի հրամանատար Արթուր Խուդինյանը, Երևան քաղաքի վարչության բաժինների պետերի ծառայության գծով տեղակալները:
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նշել է, որ նախորդ տարիների համեմատ բացօթյա ապօրինի առևտրի դեմ միջոցառումների արդյունքները ակնառու են, բայց դեռ գոհացուցիչ չեն և այս ուղղությամբ դեռ զգալի անելիք կա:
Խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետ Արման Եդոյանը ներկայացրել է ոլորտում աշխատանքի արդյունավետության բարձրացման իր դիտարկումները: Անդրադառնալով խնդրին` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը նշել է, որ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ևս պատրաստ են քաղաքային իշխանությունների և ոլորտի պատասխանատուների հետ ավելի վճռական պայքար ծավալել բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ: Այս համատեքստում նշվել է, որ փետրվարի 3-ից օրվա տարբեր ժամերին ոստիկաններն ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները Երևանի փողոցներում, մարդաշատ վայրերում ու բակերում համատեղ կարգախմբերով ամենօրյա շրջայցեր են իրականացնում: Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն էլ, մեկ անգամ ևս կարևորելով բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը, հատկանշել է «Առևտրի և ծառայությունների մասին օրենք»-ի դրույթները ողջ խստությամբ կիրառելու անհրաժեշտությունը:
«Մենք բազմիցս ենք նշել, որ վարչական պատասխանատվության մեխանիզմների կիրառումը համայնքային բյուջեն համալրելու կամ առևտրով զբաղվող քաղաքացիներին հնարավոր շահույթից զրկելու նպատակ չի հետապնդում: Խնդիրը բացառապես օրինական դաշտում գործունեություն ծավալելու մասին է, ինչին պետք է հասնենք մեր համատեղ ու հետևողական աշխատանքի արդյունքում», - նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:
Հիշեցնենք, որ մեր համաքաղաքացիները կարող են նաև էլեկտրոնային տարբերակով առևտրի և սպասարկումների ոլորտի վերաբերյալ իրենց առաջարկներն ու դիտարկումներն ուղղել Երևանի քաղաքապետարան սոցիալական ցանցերի էջերով` ֆեյսբուքում /FB/Yerevanmunicipality/ և թվիթերում /@evnmunicipality/, ինչպես նաև [email protected] էլեկտրոնային հասցեով կամ օգտվել «Թեժ գիծ» ծառայությունից՝ 011-514-000 հեռախոսահամարով:
Նմանատիպ նյութեր
1255 դիտում
16:44 09-11-2015
Նախորդ շաբաթ Երևանում արձանագրվել է բացօթյա ապօրինի առևտրի կազմակերպման 4 դեպք
1369 դիտում
12:07 27-04-2021
2020-ին արձանագրված ՃՏՊ-ների դեպքերը նախորդ տարիների համեմատ նվազել են, մահվան դեպքերը՝ աճել
Այս բաժնից
727 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»