211652_close_icon
views-count3696 դիտում article-date 20:38 05-02-2018

Արա Բաբլոյանը ՇՀ Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի հետ մասնակցել է «Ավանի աղի կոմբինատ»-ի նոր արտադրամասի բացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 5-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի հետ մասնակցել է «Ավանի աղի կոմբինատ»-ի նոր արտադրամասի բացմանը: Նախագիծն իրականացվել է հայ-շվեյցարական համատեղ ջանքերով. ներդրում է ունեցել նաեւ գերմանական կողմը: Հայաստանի եւ Շվեյցարիայի խորհրդարանների նախագահները շրջել են նորաբաց արտադրամասի տարածքում, ծանոթացել աշխատանքային գործընթացին ու պայմաններին: ՀՀ ԱԺ նախագահը, շնորհավորելով հայ-շվեյցարական հերթական հաջողված նախագծի առթիվ, նշել է, որ միջոցառումը երկու երկրների զարգացող հարաբերությունների, գործարար կապերի աշխուժացման եւս մեկ խոսուն արտահայտությունն է: «Շվեյցարացի գործընկերների մասնակցությունը Հայաստանի տնտեսական կյանքին վկայում է, որ մեր երկրում բարենպաստ պայմաններ կան գործարարությամբ զբաղվելու եւ բիզնես-ծրագրեր իրականացնելու համար»,-ասել է Արա Բաբլոյանը: Օրենսդիր մարմնի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այս ձեռնարկը ներդրումների ներգրավման եւ մեր տնտեսության զարգացման համար նոր ազդակ կհանդիսանա: Արա Բաբլոյանի խոսքով՝ Երեւանում կազմակերպված հայ-շվեյցարական գործարար համաժողովը լավ հիմք կստեղծի հետագա համագործակցության համար: ՀՀ ԱԺ նախագահը, շնորհավորելով «Ավանի աղի կոմբինատ»-ի ղեկավարությանն ու աշխատակիցներին ձեռնարկության վերազինման ու արդիականացման առթիվ, վստահություն է հայտնել, որ այն հնարավորություն կտա ավելի բարձրացնել արտադրանքի որակն ու մրցունակությունը` ապահովելով արտահանման ծավալների աճ: Ավանի աղի կոմբինատի նոր արտադրամասի կառուցման ընթացքում աշխատանքային պարտականություններն ու առաջադրանքները գերազանց կատարելու համար ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհակալագրեր է հանձնել Հարստացուցիչ ֆաբրիկայի գլխավոր մեխանիկ Ադիկ Այդինյանին եւ «Մարմոնտաժ» կազմակերպության եռակցող Հովակիմ Հախվերդյանին: Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահն իր եւ պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել հայ-շվեյցարական համատեղ ծրագրի իրականացման առնչությամբ՝ կարեւորելով Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության ու Առեւտրային պալատի առկայության անհրաժեշտությունը: Դոմինիկ դը Բյումանը հիշեցրել է, որ լրանում է Շվեյցարիայի կողմից Հայաստան բերված առաջին օգնության երեսուն տարին: «Ավանի աղի կոմբինատ»-ի նոր արտադրամասի բացման հանդիսավոր արարողությունից հետո Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը մասնակցել է Երեւանում կազմակերպված Հայաստան-Շվեյցարիա գործարար հանդիպմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր