3873 դիտում
15:18 14-02-2018
Քննարկվել են Երևանի և Միացյալ Թագավորության միջև ներդրումային դաշտի ակտիվացմանն ուղղված հարցեր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում և Վրաստանում Միացյալ Թագավորության առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը:
Ողջունելով հյուրերին և ներկայացնելով Երևանի զարգացման առաջնահերթությունները՝ քաղաքապետն ընդգծել է այն հիմնական ուղղությունները, որի շրջնակում Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է խորացնել երկկողմ համագործակցությունը: Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնավորապես առանձնացրել է քաղաքային տրանսպորտի բարելավման, ճանապարհաշինական, թափոնների կառավարման, այդ թվում նոր աղբավայրի և վերամշակման գործարանների կառուցման, ինչպես նաև այլ ծրագրերի շրջանակում հնարավոր փոխգործակցության հնարավորությունները:
«Մենք բաց և պատրաստակամ ենք հնարավոր արդյունավետ համագործակցություն ծավալելու և, հաշվի առնելով ձևավորված բարենպաստ ներդրումային միջավայրը, կարևորում ու ողջունում ենք օտարերկրյա ներդրումների իրականացումը Երևան քաղաքում: Համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես պատրաստ է քննարկել և աջակցել բրիտանական ընկերություններին՝ շահավետ ներդրումային ծրագրերի իրականացման հարցում», - նշել է Տարոն Մարգարյանը՝ համագործակցության զարգացման գործում կարևորելով ինչպես ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի, այնպես էլ Միացյալ թագավորությունում Հայաստանի դեսպանի դերը:
Հայաստանում և Վրաստանում Միացյալ Թագավորության առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդը շնորհակալութուն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշել է, որ Երևանը տպավորիչ քաղաք է և ունի ներդրումային մեծ ներուժ:
«Երևանը զարգացող քաղաք է և այն ծրագրերը, պարոն քաղաքապետ, որոնք այսօր դիտարկում եք առաջնահերթ, իսկապես շատ կարևոր են քաղաքի համար: Հատկապես վերջին տարիներին Երևանը հանդես է եկել մի շարք հետաքրքիր գաղափարներով, որոնցից կուզեի առանձնացնել «Խելացի քաղաք» հայեցակարգի ստեղծումը, որի շուրջ կարելի է գործակցային տարբեր եզրեր գտնել: Այս տարվա հունիս ամսին նախատեսում ենք բրիտանացի գործարարների այց կազմակերպել Երևան, ինչը, կարծում եմ, շատ օգտակար կլինի քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում արդյունավետ համագործակցության հիմքեր դնելու առումով», - նշել է Մարկ Փրիթչարդը՝ Երևանի քաղաքապետին առաջարկելով «Խելացի քաղաք» հայեցակարգի շրջանակում ներառել նաև «Անաղմուկ քաղաք»-ի գաղափարը, որին միտված գործնական քայլեր արդեն իսկ տարվում են աշխարհի առաջատար քաղաքներում:
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթն էլ իր հերթին արձանագրել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի զբոսաշրջային գրավչության բարձրացման ուղղությամբ վերջին տարիներին իսկապես շոշափելի քայլեր են կատարվում, ինչն, անշուշտ, ներդրումներ ներգրավելու և շահավետ փոխգործակցություն ծավալելու հրաշալի հնարավորություն է ընձեռում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադառնալով զբոսաշրջության զարգացման մասով ծրագրային ցուցանիշներին նկատել է, որ 2017 թվականին՝ 2016-ի համեմատ, կրկնապատկվել է Երևան այցելած զբոսաշրջիկների քանակը և, հաշվի առնելով, որ այս տարին Երևանի համար հոբելյանական է, ակնկալվում է զբոսաշրջիկների անհամեմատ մեծ հոսք, ինչը հաշվի առնելով նպատակային աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքների ավելացման ուղղությամբ: Առիթն օգտագործելով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրերին հրավիրել է մասնակցելու մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գործարար միջավայրի բարելավման, համատեղ ծրագրերի իրականացման ու համագործակցության ակտիվացմանն ուղղված մի շարք այլ հարցեր:
Նմանատիպ նյութեր
2380 դիտում
22:04 14-01-2020
Քննարկվել են հայ-չեխական տնտեսական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր
Այս բաժնից
919 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»