211652_close_icon
views-count2769 դիտում article-date 14:48 15-02-2018

Անտրամաբանորեն հետ ենք՝ անհրաժեշտ տեղեկատվությունը չտրամադրելու պատճառով. վարչապետ

Կառավարության նիստում այսօր Կարեն Կարապետյանը կարևորեց թվայնացման ոլորտում միջազգային վարկանիշներին համապատասխանեցման գործողությունները: «Հայաստանի թվային փոխակերպման ներկայիս միջազգային վարկանիշային ցուցանիշները բավարար չեն, ինչը հատկապես պայմանավորված է անհրաժեշտ ամբողջական վիճակագրական տվյալների և մշտադիտարկման գործիքակազմի բացակայությամբ։ Զուգահեռաբար հարկավոր է նաև ընդլայնել անձանց մատուցվող պետական ծառայությունները թվային գործիքներով տրամադրելու շրջանակը, դրանց միջոցով պարզեցնել վարչարարությունը, նվազեցնել ժամկետները և հնարավոր կոռուպցիոն ռիսկերը», - նշել է վարչապետը։ Այդ նպատակով հանձնարարվել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին 2-ամսյա ժամկետում գույքագրել և մշակել կոնկրետ գործողություններ՝ ուղղված միջազգային թվային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշի բարելավմանը և առաջընթացի ապահովմանը: Վերջիններս 1-ամսյա ժամկետում կամփոփեն և կարձանագրեն առաջիկայում թվայնացման ենթակա առաջնահերթ պետական ծառայությունների շրջանակը և կներկայացնեն կառավարության աշխատակազմ։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարվել է ստանձնել տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների միջազգային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշների բարելավմանն ուղղված մշտադիտարկման և համապատասխան մարմիններին մասնագիտական օժանդակության տրամադրման գործառույթը: Վարչապետն Ազգային վիճակագրական ծառայության պետին առաջարկել է 1-ամսյա ժամկետում թվային գործիքների կիրառման և զարգացման, ինչպես նաև այլ ոլորտների էլեկտրոնային վիճակագրական բազային հիմքեր ստեղծելու և այդ հարթակի միջոցով՝ տարեկան տվյալների ամբողջական հավաքագրումն ապահովելու նպատակով, «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ e-Statistics պիլոտային ծրագրի նախաձեռնման և իրականացման վերաբերյալ: «Այս վարկանիշում մենք անտրամաբանորեն հետ ենք ոչ միայն առկա վիճակի, այլև պարբերաբար անհրաժեշտ տեղեկատվությունը չտրամադրելու պատճառով», - ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը հայտնել է նաև, որ հանձնարարել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին ամփոփել նման վարկանիշները, կոնկրետ պատասխանատու նշանակել. «որպեսզի վաղը չէ մյուս օրը հասկանանք՝ ով է թերացել իր աշխատանքում»:

Նմանատիպ նյութեր