211652_close_icon
views-count3154 դիտում article-date 15:00 23-02-2018

Նախագահն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և գոհունակությամբ արձանագրել վերջին շրջանում Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում զգալի առաջընթացը, որն արտահայտվում է ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլ նաև Արևելյան գործընկերության շրջանակներում: Նախագահ Սարգսյանը շեշտել է, որ այդ հարաբերությունների տեսանկյունից 2017 թվականը և 2018 թվականի սկիզբը կարևոր ձեռքբերումների ժամանակաշրջան էր՝ նկատի առնելով, որ ընդամենը երկու օր առաջ Բրյուսելում ստորագրվեց ևս մեկ փաստաթուղթ՝ ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության առաջնահերթությունների վերաբերյալ, որում լիովին արտացոլվում են բոլոր այն նպատակները, որ Հայաստանն իր առջև դրել է ԵՄ հետ համագործակցության շրջանակներում: Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը հաստատակամ է նույն ոգով շարունակելու հարաբերությունների զարգացումը և հնարավորինս սեղմ ժամկետներում կյանքի կոչելու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այդ նպատակով, ըստ Նախագահի, ստեղծվել է Համաձայնագրի և Գործընկերության առաջնահերթություններն ամրագրած փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով՝ փոխվարչապետի համակարգմամբ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ հավանաբար մինչև ապրիլի վերջ Հայաստանը կվավերացնի համաձայնագիրը, որը հնարավորություն կտա սկսելու դրա ժամանակավոր կիրարկումը, մասնավորապես՝ ոլորտային ուղղություններով մոտարկման գործընթացը, մինչև ԵՄ անդամ երկրների կողմից վավերացման գործընթացի ամբողջականացումը։ Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ Տոյվո Կլաարի երկիրը՝ Էստոնիան, արդեն ավարտել է վավերացման գործընթացը և հույս է հայտնել, որ տեսանելի ապագայում ԵՄ անդամ մյուս երկրներն էլ նույնկերպ կվարվեն: ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը համակարծիք է եղել Հանրապետության Նախագահի հետ, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները լավ են զարգանում: Անդրադառնալով համաձայնագրի վավերացման գործընթացին՝ նա նշել է, որ որոշ եվրոպական երկրներում այդ գործընթացը, որոշակի առանձնահատկություններից ելնելով, բավականաչափ ժամանակ է պահանջում, որը սակայն չի խանգարում, որ Հայաստանն ու Եվրամիությունը առաջ ընթանան դեպի համաձայնագրի ժամանակավոր կիրարկում՝ օրեցօր ընդլայնելով հարաբերությունները: ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ Հայաստանը շատ լավ օրինակ է, թե ինչպես մի երկիր, հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է միևնույն ժամանակ ունենալ լավ հարաբերություններ Եվրոպական միության հետ: Հանդիպմանը Նախագահ Սարգսյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: Տոյվո Կլաարը վերահաստատել է Եվրոպական Միության աջակցությունը ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը և նրանց առաջարկություններին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր