4274 դիտում
16:49 28-02-2018
Զինված ուժերում մահվան դեպքերի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հրապարակած տեղեկանքները թյուրիմացության տեղիք են տալիս. պարզաբանում
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, ի լրումն այս տարվա հունվարի 9-ին հրապարակված տեղեկանքի, 26.02.2018թ. հրապարակել է «Ճշտված տեղեկություններ» 2017թ. ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում մահացության դեպքերի վերաբերյալ: Տեղեկանքները, սակայն, պարունակում են անճշտություններ, որոնք, կամա թե ակամա, հանգեցնում են հանրության ապատեղեկացմանը, հանիրավի անվստահություն սերմանելով ՀՀ զինվորական դատախազության կողմից պարբերաբար հրապարակվող պաշտոնական տեղեկատվության նկատմամբ:
Մասնավորապես ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իր հրապարակած տեղեկանքներով հետևողականորեն փորձում է համոզել, որ ՀՀ ԶՈՒ-ում և ԱՀ ՊԲ-ում 2017թ. ընթացքում գրանցվել է ծառայության հետ կապված մահացության 64 դեպք, այսինքն պաշտոնապես հրապարակվածից ավելի շատ: Ընդ որում՝ դրանցից 5-ը (Հարութ Պողոսյան, Մուրադ Ավանեսյան, Վահե Մարգարյան, Ռոբերտ Գասպարյան, Սպարտակ Մկրտչյան) ներկայացվում են փաստացի որպես հանրությունից թաքցված: Այս կապակցությամբ ՀՀ զինվորական դատախազությունը հարկ է համարում պարզաբանել հետևյալը.
1. 2017թ. ընթացքում ՀՀ ԶՈՒ-ում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել է ծառայության հետ կապված՝ 56 զինծառայողի մահվան դեպք, այդ թվում՝ հակառակորդի կողմից սպանություն` 23, սպանություն` 3, ականի պայթյունից` 4, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով` 4, ինքնասպանություն և ինքնասպանության հասցնել` 10, հիվանդություններից` 4, ավտովթարից` 4, դժբախտ պատահարից 4:
Այսպես կոչված՝ հանրությունից «թաքցված» վերոնշյալ 5 անձանցից երկուսի (Հարութ Պողոսյան, ով մահացել է 17.04.2017թ. տեղի ունեցած դժբախտ պատահարից և Ռոբերտ Գասպարյան, ով սպանվել է հակառակորդի կողմից) մահվան դեպքերը ՀՀ զինվորական դատախազությունում հաշվառված են զինծառայության հետ կապված մահացությունների թվում: Մյուս երեք զինծառայողների մահվան դեպքերը, սակայն, պայմանավորված չեն զինվորական ծառայությամբ: Մասնավորապես՝
• Մուրադ Ավանեսյանը՝ N զորամասի բուլդուզերավար, պայմանագրային զինծառայող, շարքային. 04.10.2017թ. իրենց տանից առողջության վատթարացման պատճառով տեղափոխվել է Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի բուժկետ, որտեղ հանկարծամահ է եղել: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 3-րդ ԿՔԲ-ի կողմից 03.11.2017թ. որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:
• Վահե Մարգարյան. 01.08.2017թ. դաշտում ծիրան հավաքելու ժամանակ վրաերթի է ենթարկվել անչափահաս եղբոր կողմից վարվող տրակտորով: 01.08.2017թ. տեղափոխվել է Վայքի հիվանդանոց, այնուհետև ՀՀ ՊՆ ԿԿԶՀ, որտեղ 05.08.2017թ. մահացել է: Քննությունը կատարվել է Վայոց Ձորի մարզի վարչության Վայքի ոստիկանության կողմից:
• Սպարտակ Մկրտչյան` N զորամասի ՀՕՊ բաժնի ավագ սպա, մայոր. 19.08.2017թ. ծայրահեղ ծանր վիճակով ընդունվել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց՝ սուր շնչառական, սուր սրտային անբավարարություն, երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ: 23.08.2017թ. նրա մոտ գրանցվել է կենսաբանական մահ: Դեպի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 1-ին ԿՔԲ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով 19.09.2017թ. հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
2. Գրասենյակի «ճշտված» տեղեկանքում նշված չեն ՀՀ զինվորական դատախազությունում որպես ծառայության հետ կապված մահվան դեպքեր հաշվառված՝ ներքոհիշյալ զինծառայողների մահվան դեպքերը:
• Գրիշա Վանեսյան՝ պայմանագրային, շարքային. 12.12.2017թ. ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում ինքնազգացողությունը վատացել է, չնայած հենակետի անձնակազմի կողմից առաջին բուժօգնություն ցուցաբերելուն՝ հանկարծամահ է եղել: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 6-րդ ԿՔԲ-ում նախապատրաստված նյութերով 13.01.2018թ. որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:
• Արմեն Սաքանյան՝ պայմանագրային, կրտսեր սերժանտ, մահացել է հիվանդությունից: 27.01.2017թ. գտնվելով N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում՝ ինքնազգացողությունը վատանալու պատճառով Իջևանի ԲԿ տեղափոխելու ճանապարհին նրա մոտ գրանցվել է կենսաբանական մահ: Ախտորոշումը՝ «սրտամկանի սուր ինֆարկտ»: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 6-րդ ԿՔԲ-ում նախապատրաստված նյութերով 02.02.2017թ. որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:
3. Գրասենյակի ներկայացրած տեղեկանքներում ծառայության հետ չկապված մահվան մի քանի դեպք փաստացի դիտարկվել է ծառայության հետ կապված մահացությունների համատեքստում: Մասնավորապես՝
• Արմեն Ծատուրյան՝ մայոր. 26.04.2017թ. մահացել է անձնական օգտագործման ավտոմեքենայում՝ սրտի կաթվածից: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում քրեական գործ չի հարուցվել, նյութեր չեն նախապատրաստվել:
• Նարեկ Մխիթարյան՝ պայմանագրային զինծառայող, սերժանտ. գրասենյակի տեղեկանքում հաշվառվել է որպես ծառայության հետ կապված հիվանդությունից մահվան դեպք: Մինչդեռ 30.05.2017թ. Ն.Մխիթարյանը «պարանոցի միջային կիստա» ախտորոշմամբ ընդունվել է ԿԿԶՀ դիմածնոտային բաժանմունք և վիրահատվել: 14.06.2017թ. նրա ինքնազգացողությունը վատացել է և գրանցվել է նրա կենսաբանական մահը: Ախտորոշումը՝ «սուր սիրտ-անոթային շնչառական անբավարարություն: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ ԿՔԲ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով 16.06.2017թ. հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
• Վարդան Գրիգորյան՝ պայմանագրային զինծառայող, շարքային: Գրասենյակի տեղեկանքում հաշվառվել է որպես ծառայության հետ կապված սպանության դեպք: Մինչդեռ ըստ քրեական գործի նյութերի՝ կնոջ նկատմամբ անբարո վերաբերմունքի համար Վ.Գրիգորյանին 17.08.2017թ. բռունցքներով սպանել, մեքենան ձորն է գլորել ու այրել նույն զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Լ.-ն: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 6-րդ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով և 104-րդ հոդվածի 1-ին մասով 18.08.2017թ. հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
• Գևորգ Խանամիրյան՝ ժամկետային զինծառայող, շարքային: Գրասենյակի տեղեկանքում հաշվառվել է որպես ծառայության հետ կապված ավտովթարի դեպք: Սակայն արձակուրդում գտնվելու ընթացքում, պապի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար իր կողմից վարած ավտոմեքենայով 23.10.2017թ. ենթարկվել է վթարի, ինչի հետևանքով մահացել է: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 8-րդ ԿՔԲ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով 31.10.2017թ. հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
• Նորայր Հովհաննիսյան՝ պայմանագրային կրտսեր սերժանտ. գրասենյակի տեղեկանքում հաշվառվել է որպես ծառայության հետ կապված ավտովթարի դեպք: Մինչդեռ 28.10.2017թ., տվյալ պահին զինվորական ծառայության պարտականություններ չկատարելու պայմաններում, իր կողմից վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Սյունիքի մարզի Շենաթաղ-Սիսիան ճանապարհի 8-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակած գոտի և բախվել քաղ. Սուրեն Մկրտչյանի վարած «ՈՒԱԶ 3152» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով նա և նրա մեքենայի ուղևորը ստացած մարմնական վնասվածքներից մահացել են: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 8-րդ ԿՔԲ–ում 04.11.2017թ. քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
• Թաթուլ Թադևոսյան՝ պայմանագրային զինծառայող, շարքային. գրասենյակի տեղեկանքում հաշվառվել է որպես ծառայության հետ կապված ավտովթարի դեպք: Մինչդեռ զինծառայողի դին հայտնաբերվել է 22.11.2017թ. Երևան-Մողրի ավտոնայրուղու 178.2 կն հատվածում Սյունիքի մարզի Սպանդարյան ջրամբարի մոտակայքում՝ մեքենայից դուրս, 8-10 մետր հեռավորության վրա ընկած վիճակում: Ըստ նախնական տվյալների՝ Թ. Թադևոսյանը, տվյալ ժամանակահատվածում գտնվելով զինվորական ծառայության պարտականություններ չկատարելու պայմաններում, իր կողմից վարած «ՎԱԶ 2106» մակնիշի՝ ՀՀ ՊՆ հաշվեկշռում չգտնվող ավտոմեքենայով ճանապարհից դուրս է եկել և գլորվել ջրամբարի հատված: ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային վարչության Սիսիանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
• Սամվել Կարճիկյան՝ ՊՆ N զորամասի ավագ լեյտենանտ. գրասենյակի տեղեկանքում հաշվառվել է որպես ծառայության հետ կապված ավտովթարի դեպք: Սակայն պարզվել է, որ զինվորական ծառայության պարտականություններ չկատարելու ժամանակահատվածում, 21.12.2017թ., իր կողմից վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Գեղարքունիքի մարզի Փամբակ-Ծափաթաղ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլխիվայր շրջվել: Նրա դին հայտնաբերվել է վթարված մեքենայից 7 մետր հեռավորության վրա: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 5-րդ ԿՔԲ-ում նախապատրաստված նյութերով 20.01.2018թ. որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով:
4. Բացի վերոնշյալ անճշտություններից՝ գրասենյակի նախնական տեղեկանքում նշվել էր նաև, որ 2017թ. ընթացքում մահացել են 39 պարտադիր ժամկետային զինծառայող, սակայն հենց իրենց ներկայացրած ցուցակում այդպիսիք 37-ն էին: Ընդ որում՝ այս տվյալը վերանայված չէր երկու օր առաջ հրապարակված «ճշտված» տեղեկատվության մեջ: Նշվել էր նաև, որ պարտադիր ժամկետային զինծառայողներից 4-ի մահվան դեպքը տեղի է ունեցել զորակոչվելուց 3-ամսյա ժամկետում, որոնցից 1-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, 1-ը՝ առողջական խնդրի: 2 դեպք որակվել է որպես ինքնասպանություն: Մինչդեռ 2017թ. ընթացքում զորակոչվելուց հետո 3 ամսյա ժամկետում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով որևէ պարտադիր ժամկետային զինծառայող չի զոհվել: Նշված եռամսյա ժամկետում հիվանդությունից մահացել է մեկ զինծառայող՝ Սարգիս Ափինյանը: 2017թ. արձանագրվել է ինքնասպանության 2 դեպք (Աբաս Սլոյան, Հրաչ Ավետիսյան):
Վերոնշյալ փաստերը վկայում են զինծառայողների մահացությունները դեպքերը որպես բոլոր դեպքերում զինվորական ծառայության հետ կապված ներկայացնելու միտումնավորության, դրանով իսկ պարզ, բայց մարդկային, բարոյական տեսանկյունից անթույլատրելի մանիպուլյացիաների դրսևորման մասին: Դրա մասին է խոսում այն հանգամանքը, որ երկու տեղեկանքներից ոչ մեկում ակնարկ անգամ չկա մահացության դեպքերի մի մասը զինծառայության հետ կապված չլինելու մասին՝ չնայած այն հանգամանքին, որ ի պատասխան Գրասենյակից մի քանի անգամ ստացված հարցումների՝ ՀՀ զինվորական դատախազության կողմից դրա հետ կապված տրվել էին հստակ պարզաբանումներ:
Նմանատիպ նյութեր
3671 դիտում
21:20 10-04-2019
2019թ․ 1-ին եռամսյակում ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է մահվան 11 դեպք. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»