211652_close_icon
views-count3032 դիտում article-date 15:11 02-03-2018

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արձագանքել է 2017թ.-ին ԶՈՒ-ում մահացության դեպքերի մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի լրացուցիչ տեղեկանքի առնչությամբ ՀՀ Գլխավոր դատախազության պարզաբանմանը

018 թ. փետրվարի 28-ին ՀՀ Դատախազությունը պարզաբանում տարածեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ 2018թ. փետրվարի 26-ին հրապարակած «Ճշտված տեղեկություններ՝ 2017 թ. ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի վերաբերյալ» տեղեկանքի առնչությամբ: Այս տեղեկանքը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրապարակել էր ի լրումն 2018թ. հունվարի 9-ին հրապարակված տեղեկանքի, քանի որ տեղեկություններ էր ստացել մահացության ևս 5 դեպքի մասին: Ընդ որում՝ 5 դեպքից 3-ով որևէ տեղեկություն հրապարակված չի եղել անգամ լրատվամիջոցներով: Դրան զուգահեռ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել էր ՀՀ Զինվորական դատախազությունից ստացած պաշտոնական տեղեկատվությունը, համաձայն որի՝ 2017 թ.-ի ընթացքում ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում գրանցված զինվորական ծառայության անցնելու հետ կապված 56 մահվան դեպք է գրանցվել: Ընդ որում՝ նախորդ տեղեկանքում նշված 1 դեպքը, որը 2013 թ.-ին զինծառայության ժամանակ վնասվածք ստանալու հետեւանք էր, և զինծառայողը վաղաժամ զորացրվել էր, հավելյալ տեղեկատվություն ստանալուց հետո Կազմակերպությունը լրացուցիչ տեղեկանքում այլևս չէր ներառել: Համադրելով ստացված տեղեկատվությունը՝ նշել էր, որ 2017 թ.-ին զինված ուժերում մահացության 64 դեպք է գրանցվել: ՀՀ Գլխավոր դատախազությունը դրանում Զինվորական դատախազության նկատմամբ անվստահություն սերմանելու միտում է տեսել և որոշել 4 կետից բաղկացած պարզաբանում ներկայացնել: Ներկայացնում ենք ՀՀ Գլխավոր դատախազության պարզաբանմանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պատասխանը՝ ըստ առանձին կետերի՝ http://hcav.am/?p=57756 Մենք կարևորում ենք ՀՀ իշխանությունների, տվյալ դեպքում՝ ՀՀ Գլխավոր դատախազության, ինչպես նաև ՀՀ Պաշտպանության նախարարության հետ քաղաքացիական հասարակության ինստիտուտների համագործակցությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ձևավորման նպատակով, այդ թվում՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը բարելավելու ուղղությամբ: Եվ հորդորում ենք պետական և իշխանության մարմիններին ոչ թե իրականությանը չհամապատատասխանող որակումներ հնչեցնել հասարակական կազմակերպության գործունեության և նրա կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ, այլ գործել իրենց պարտավորությունները պատշաճ կատարելու տրամաբանությամբ, հանրությանը ճշտգրիտ տեղեկություններ ներկայացնել զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի, այդ թվում՝ մահվան դեպքերի և նրանց հանգեցրած պատճառների, հանգամանքների բացահայտման, արդյունավետ քննություն իրականացնելու, մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Միայն օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության և իրավունքի գերակայության սկզբունքի ապահովման շնորհիվ հնարավոր կլինի մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ՀՀ իշխանությունների կողմից իր քաղաքացիների և միջազգային միջպետական մարմիններում վերցրած պարտավորությունների արդյունավետ իրականացումը: Միջազգային ատյաններում ՀՀ իշխանությունների կողմից մարդու իրավունքների վերաբերյալ կոնվենցիաներով և դաշնագրերով վերցրած պարտավորությունների պատշաճ կատարման դեպքում միայն իշխանության ներկայացուցիչները կկարողանան իրենց հաշվետվությունները ներկայացնել պատշաճ մակարդակով:

Նմանատիպ նյութեր