211652_close_icon
views-count2099 դիտում article-date 20:05 01-03-2018

Սոցիալական ձեռնարակատիրության ոլորտի խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ կներկայացվեն ՔՀԿ-ների կողմից

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում քաղհասարակության կազմակերպության 16 ներկայացուցիչ փետրվարի 28-ին մասնակցել է «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքով ամրագրված սոցիալական ձեռնարկատիրության ինստիտուտի վերաբերյալ դասընթացին։ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի բիզնեսի և հարակիր ոլորտների համակարգող և ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագանը ներկայացրեց, թե որ դեպքերում է ձեռնարկատիրությունը համարվում սոցիալական, ինչպե՞ս է այն կազմակերպվում, ինչպես պետք է կատարվի հաշվապահական հաշվառումը և այլ կարևոր հարցեր։ «Օրենսդրական դաշտում ՀԿ-ների մասին փոփոխություն է եղել։ Ավելացվել է սոցիալական ձեռնարկատիրություն գաղափարը, որին մենք նոր-նոր ենք սկսել ծանոթանալ և գործել։ Սոցիալական ձեռնարկատիրության մասին մենք խոսեցինք, քննարկեցինք և բավականին նոր բաներ սովորեցինք։ Կան խնդիրներ, խոչընդոտներ, որոնք քննարկեցինք և որոշեցինք նախաձեռնական խմբով առաջարկություններ ներկայացնել»,-ասաց «Ծաղկած նշենի» ՀԿ ներկայացուցիչ Երազիկ Ալավերդյանը։ Արման Ղազարյանը, ով ներկայացնում էր «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ-ն նշեց, որ նման դասընթացներն օգտակար են հասարակական կազմակերպությունների համար, քանի որ վերաբերում են խիստ մասնագիտական ոլորտներին՝ քաղհասարակության կազմակերպությունների ոլորտը կարգավորող օրենսդրություն, հարկային և բիզնես ոլորտի մի շարք առանձնահատկություններ․ «Այս հանդիպումների շրջանակում ստանալով մասնագիտական խորհրդատվություն՝ միանշանակ մենք կարող ենք ավելի արդյունավետ կառավարել մեր կազմակերպությունները, խուսափել տարբեր տեսակի ռիսկերից և, ինչու չէ՝ նաև կարողանալ ճիշտ փաստաշրջանառություն ապահովել»,- նշեց նա։ Եթե Դուք նույնպես քաղակտիվիստ եք և ցանկություն ունեք իրավաբանական աջակցություն ստանալու, ապա դիմեք մեզ [email protected] հասցեով՝ առաջիկա դասընթացին գրանցվելու և իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար։ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։ Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնցից են արդարադատությունը, կրթությունը և բիզնեսը: Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա: Աստղիկ Կարապետյան Հանրային կապերի համակարգող
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր