211652_close_icon

Մենք ասում ենք՝ ինչո՞ւ է ուշանում արդարադատությունը. արդարադատությունը ոչ թե ուշանում է, այլ տեղ չի հասնում. Փաշինյան

views-count1309 դիտում article-date 15:45 21-04-2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է  Արդարադատության նախարարության  կազմակերպած «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին: Միջոցառման շրջանակում քննարկվել են արդարադատության իրականացման արդի մարտահրավերների, դատական համակարգի արդյունավետության, դրա նկատմամբ հանրային վստահության բարձրացման, իրավական բարեփոխումների ազդեցության, ինչպես նաև խափանման միջոցների կիրառման հարցերը: Անդրադարձ է կատարվել  նաև իրավապահ մարմինների համագործակցության ապահովման և մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին:

Պանելային քննարկման առաջին մասում անդրադարձ է կատարվել դատարաններում գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման մարտահրավերներին, ոլորտային բարեփոխումների ազդեցությունն արդարադատության իրականացման արդյունավետության և ժամկետների վրա, իրավապահ մարմինների վարույթային գործողությունների արագության հարաբերակցությունը դատական քննության ժամկետների հետ, դատական պաշտպանության իրավունքի և արդարադատության արագության հարաբերակցությունը դատավարական չարաշահումների համատեքստում:

Վարչապետը պատասխանել է մոդերատորի այն հարցին, թե որը պետք է լինի ՀՀ Կառավարության դերակատարությունը և դատական իշխանության տարբեր դերակատարների պատասխանատվությունը՝ ՀՀ քաղաքացիներին  ժամանակին և արդյունավետ արդարադատություն տրամադրելու հարցում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է քննարկումը և այն մի փոքր ուշացած համարել. «Այսինքն՝ լավ կլիներ այս ընթացքում մի քանի անգամ քննարկած լինեինք այս հարցերը: Կարծում եմ՝ հարցադրման հիմքում ընկած պատճառներից մեկը նաև այն է, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատության և  սահմանադիրի՝ ժողովրդի միջև, այնուամենայնիվ, որոշակի խզում կա, ընդ որում՝ և՛ կառուցակարգային, և՛ բովանդակային:  Ինչո՞ւ ենք մենք ասում կամ ինչո՞ւ կա այս հարցադրումը՝ արդյոք արդարադատությունը և արդարությունը նույն բանն են, կամ արդյոք պիտի լինեն նույնը։ Մեծ հաշվով, երբ փորձում ենք այս հարցը բաղդատել, տեսնում ենք, որ իրականում խնդիր կա հենց ինքնին ձևակերպման մեջ, բայց կարևոր է հասկանալ, թե ինչն է պատճառը, որ նման ձևակերպում և հարցադրում մեր իրականության մեջ կարող է գոյություն ունենալ։ Ես կարծում եմ՝ դրա պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում արդարադատությունը հասկանալի չէ շատերին»։

Վարչապետի դիտարկմամբ՝ հանրության շրջանում առկա է նաև արդարադատության լեզվի հետ կապված խնդիր. իրավաբանական հանրությունն ինչ-որ պահից սկսում է օգտագործել այն բառապաշարը, որը քաղաքացիների մեծամասնությանը հասանելի և հասկանալի չէ: «Մենք ասում ենք՝ ինչո՞ւ է ուշանում արդարադատությունը. արդարադատությունը ոչ թե ուշանում է, այլ տեղ չի հասնում: Ինքն անընդհատ պրոցես է, այն չի հանգուցալուծվում:

Առկա են նաև ներքին՝ իրավաբանական  խոսույթներ. օպերատիվ բլոկում առանձին ընկալումներ և պատկերացումներ կան, քննչական օղակում՝ առանձին պատկերացումներ, դատախազական օղակում՝ առանձին, դատավորական օղակում՝ առանձին», - նշել է երկրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է և հետևաբար՝ ժողովուրդը պետք է նաև հնարավորություն ունենա հասկանալու, թե ի՞նչ է տեղի ունենում իր ստեղծած ինստիտուտների հետ, ինչպե՞ս են այդ ինստիտուտներն աշխատում, ի՞նչ նպատակ են հետապնդում, ի՞նչ արդյունք են գեներացնում:

Վարչապետի կարծիքով՝ ժողովրդի և երկրում հաստատված իրավակարգի միջև  առկա է օրգանական կապի խնդիր:

«Իմ գնահատականը եղել և շարունակում է մնալ այն, այս ընթացքում ես միայն համոզվել եմ դրանում, որ այդ իրավակարգի ճեղքը կախված է և կապված է նաև նրա հետ, որ, ըստ էության, բոլոր սահմանադրական հանրաքվեներում եղել է որոշակի հանրային ընկալում և համոզմունք, որ, այնուամենայնիվ, սահմանադրական հանրաքվեների պաշտոնապես արձանագրված արդյունքները չեն արտահայտում կամ ճշգրիտ չեն արտահայտում ժողովրդի կամքը։ Ես դրա մասին շատ խոսում եմ, հիմա տարբեր տեղերում՝ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ներկայացնելիս», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սրանք հարցեր են, որոնց մասին պետք է մտածել, և նման շեշտադրումներով քննարկումներ իրականացնելու անհրաժեշտությունը վկայում է այն մասին, որ երկրում այդ առումով դեռ ցանկալի կետին չենք հասել: 

Համաժողովի պանելային քննարկման երկրորդ մասում անդրադարձ է կատարվել խափանման միջոցների կիրառման և արդարացման վերաբերյալ դատական ակտերի ազդեցությունը դատական համակարգի անկախության ընկալման վրա, մեղադրանքների և խափանման միջոցների ընտրության գործընթացներում հանրային և մասնավոր շահերի հավասարակշռմանը վարույթների հանրային վերահսկողության և հաշվետվողականության մակարդակի բարձրացման գործում քաղաքացիական հասարակության դերին:

Վարչապետ Փաշինյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին:

Նմանատիպ նյութեր