5916 դիտում
23:00 07-03-2018
Ռուսաստանի նախկին հետախույզին Անգլիայում թունավորել են
Անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոնում առանց գիտակցության տղամարդ և կին է հայտնաբերվել: Տղամարդը ռուսաստանցի Սերգեյ Սկրիպալն է՝ ռուսական հետախուզության նախկին աշխատակիցը:
Ականատեսների խոսքով՝ Սկրիպալն իրեն շատ տարօրինակ էր պահում, կարծես հարբած կամ թմրանյութերի ազդեցության տակ լիներ: Նրա կողքը նստած աղջիկը նույնպես տարօրինակ շարժումներ էր անում ձեռքերով և իրեն ոչ ադեկվատ պահում:
Նրանց հիվանդանոց են տեղափոխել, որտեղ էլ նրանք գտնվում են ծանր վիճակում արդեն երկրորդ օրը, հաղորդում է BBC-ն: Շենքը, որտեղ նրանք հայտնաբերվել են, փակել են, այնտեղ աշխատում են թունավոր նյութերի մասնագետները:
Բրիտանական լրատվամիջոցները ենթադրում են, որ Սկրիպալի ուղեկիցը նրա դուստրն է, սակայն այդ տեղեկատվությունը դեռևս չի հաստատվել:
1990-ական թվականներին Սերգեյ Սկրիպալն աշխատել է Գլխավոր շտաբի գլխավոր վարչությունում, որն առավել հայտնի է Գլխավոր հետախուզական վարչություն խորհրդային անվամբ: Այն ռուսական հետախուզության կենտրոնական մարմինն է:
Ինչպես պնդում են ռուսական հատուկ ծառայությունները, 1995թ-ին դեպի Եվրոպա իր գործուղումներից մեկի ժամանակ Սկրիպալը հավաքագրվել է բրիտանական հետախուզության կողմից: 1999թ-ին նա աշխատանքից ազատվել է գնդապետի կոչմամբ, մի քանի տարի աշխատել է ԱԳՆ-ում, որից հետո՝ 2004թ-ին, կալանավորվել է Անվտանգության դաշնային ծառայության կողմից:
2006թ-ին Սկրիպալին մեղադրել են պետական դավաճանության համար և դատապարտել 13 տարվա ազատազրկման: Սակայն 2010թ-ին պետական դավաճանության համար դատապարտված մի քանի ռուսաստանցիների հետ միասին նրան փոխանակել են ԱՄՆ-ում մերկացված ռուս հետախույզների հետ:
Սկրիպալը տեղափոխվել է Անգլիա՝ Սոլսբերի քաղաք: Մեկ տարի անց մահացել է նրա կինը: Եվս մի քանի տարի անց Ռուսաստանում մահացել է նրա որդին, որը մեկնել էր այնտեղ հանգստանալու:
Բի-Բի-Սիի աղբյուրները հաղորդում են, որ Սկրիպալը ժամանակ առ ժամանակ հայտնվում էր ՄԻ6 գրասենյակում (Մեծ Բրիտանիայի ԱԳՆ գաղտնի հետախուզական ծառայություն), որտեղ դասախոսություններ էր կարդում Գլխավոր հետախուզական վարչության մասին:
Բրիտանական ոստիկանությունը դեռևս ոչ մի վարկած կատարվածի վերաբերյալ առաջ չի քաշել, սակայն առավել հավանականը թունավորումն է:
2006թ-ին Անգլիայում թունավորվել էր Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոն: 2000թ-ին ԱԴԾ ղեկավարության և 1998-1999թթ-ին այդ կազմակերպության տնօրեն եղած Վլադիմիր Պուտինի հակաիրավական գործողությունների մասին մի քանի աղմկահարույց հայտարարություններից հետո Լիտվինենկոն ստիպված էր ընտանիքի հետ փախչել Ռուսաստանից: Նրանց հաջողվել էր Մեծ Բրիտանիայում քաղաքական ապաստան ստանալ:
Լիտվինենկոն համագործակցում էր բրիտանական հատուկ ծառայությունների հետ: 2006թ-ին նա մահացավ ռադիոակտիվ նյութով թունավորումից: Տասը տարի տևած հետաքննությունից հետո դատարանն այն եզրակացության եկավ, որ Լիտվինենկոյի սպանության ետևում, մեծ հավանականությամբ, ԱԴԾ-ն է կանգնած, որը գործել է Վլադիմիր Պուտինի թույլտվությամբ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
829 դիտում
17:24 21-12-2024
Գերմանիայում սուգ է հայտարարվել
565 դիտում
16:21 21-12-2024
Պենտագոնը փորձարկել է 2 հրթիռ, որոնք կփոխարինեն հնացած ATACMS-ներին. Breaking Defence