Սանկտ-Պետերբուրգում տղամարդը կնոջ սպանության համար բանկից վարկ է վերցրել
Սանկտ-Պետերբուրգի բնակիչներից մեկը կնոջը սպանելու համար բանկից վարկ է վերցրել, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Տղամարդը բանկից 40 հազար ռուբլի վարկ է վերցրել, որպեսզի քիլերին ավանս վճարի: Որպես վարկի նպատակ, նա բանկում նշել էր անձնական կարիքները:
22-ամյա սանկտ-պետերբուրգցին կնոջը որոշել է սպանել 2017թ. ամռանը: Նա սկսել է քիլեր փնտրել, այդ մասին պատմել է ընկերոջը, իսկ վերջինս էլ ծրագրվող սպանության մասին հայտնել է ոստիկանությանը: Արդյունքում քիլերի դերում հանդես է եկել ոստիկանության ներկայացուցիչը:
Հանդիպման ժամանակ պետերբուրգցին «քիլերին» երկու դանակ է փոխանցել, ինչպես նաև՝ կնոջ հասցեն ու լուսանկարները: Նրան ձերբակալել են, երբ իբրև թե արդեն կատարված սպանության դիմաց «ոստիկան-քիլերին» պետք է գումար վճարեր:
Մարտի 9-ին դատարանը անհաջողակ տղամարդուն դատապարտել է 9 տարվա ազատազրկման: Որպես հանցագործության շարժառիթ, նա նշել է անձնական խորը հակակրանքը կնոջ հանդեպ, որն արդեն բաժանվել է նրանից: