66496 դիտում
18:28 14-03-2018
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. ՌԴ սահմանապահ զորքերի «Երվանդաշատ» ուղեկալում հնչել են կրակոցներ. կան բերման ենթարկվածներ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մարտի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի «Երվանդաշատ» ուղեկալից Ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգ է ստացվել, որ մի խումբ քաղաքացիներ կատարել են սահմանային գոտու ռեժիմի խախտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր մեկնած Ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի բնակիչներ, 26-ամյա Հարություն Կարապետյանը, 32-ամյա Հակոբ Բաղդասարյանը և 19-ամյա Սամվել Հովսեփյանը, խախտելով սահմանային գոտու կանոնները, առանց թույլտվության, ապօրինի մուտք են գործել «Երվանդաշատ» ուղեկալի սահմանային գոտի:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այնտեղ Հ. Կարապետյանը իր մոտ ապօրինի պահվող, համագյուղացի 36-ամյա Արտեմ Ավետիսյանին պատկանող «ՍԿՍ» տիպի որսորդական ակոսափող հրազենով որս կատարելու նպատակով սահմանային գոտում կրակոցներ է կատարել:
Ոստիկանները Հ. Կարապետյանի մոտ հայտնաբերել են նաև 7.62 մմ տրամափաչի 2 փամփուշտ:
Երեկ՝ մարտի 13-ին, Հ. Կարապետյանը, Հ. Բաղդասարյանը և Ս. Հովսեփյանը Ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում բացատրություններ են տվել, որից հետո հետաքննիչի կողմից բաց են թողնվել:
Բաղրամյանի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ –հետախուզական միջոցառումներ՝ Ա. Ավետիսյանին հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: