211652_close_icon
views-count2106 դիտում article-date 16:49 16-03-2018

ԱԻՆ-ում քննարկվել է Նուբարաշենի թունաքիմիկատների խնդրի լուծման հարցը

Մարտի 16-ին մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանում տեղի ունեցավ «Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի թափոնների արտափորում, անվտանգ տարհանում, տարածքի մաքրում և կայունացում» նախագծի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) վերաբերյալ 2-րդ հանրային քննարկումը: Նախաձեռնության հեղինակը «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունն է, իսկ գնահատումն իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի օժանդակությամբ: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների, առողջապահության, գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Գեղադիր համայնքի բնակիչներ և այլ շահառուներ: Միջոցառման նպատակն էր ազդակիր համայնքի բնակիչներին, թաղապետարանի պատասխանատու բաժիններին և խնդրով մտահոգ հասարակական կազմակերպություններին ներկայացնել Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի խնդրի լուծման նախագիծը: Նախագծի հիմնական նպատակներն են՝ - գնահատել և ավարտել պեստիցիդների բնապահպանորեն անվտանգ հեռացումը Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքից. - ապահովել մնացորդային աղտոտվածության և հավանական աղտազերծված հողերի ապահով պարփակումը տեղում. - վերականգնել տարածքը համաձայնեցված ապագա հողօգտագործման համար պիտանի տեսքով: Իր խոսքում «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ նախագահ Ե. Մանվելյանն ընդգծեց, որ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդրի լուծման շուրջ համախմբվել են հանրապետական, տեղական ինքնակառավարման և միջազգային մի շարք կառույցներ՝ պաշտպանելու մարդկանց առողջությունը և շրջակա միջավայրը: Քննարկման սկզբում ներկայացվեցին ծրագրի տեխնիկական մանրամասները և նախատեսվող քայլերը, որոնցով պլանավորվում է իրականացնել թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքում ժամանակավոր օժանդակ ենթակառուցվածքների ապահովում, թաղված թափոնի արտափորում, տեղում փաթեթավորում, պիտակավորում և անվտանգ տեղափոխում/տարհանում՝ ոչնչացման նպատակով։ Հանդիպման մասնակիցներին մտահոգում էր արտափորված պեստիցիդների պահպանման և տեղափոխման պայմանները կամ ոչնչացման հնարավոր ռիսկերը: Նախագծի փորձագետները նշեցին, որ արտափորված թունաքիմիկատները փաթեթավորվելու են ՄԱԿ-ի չափանիշներով սահմանված հատուկ անվտանգ տարաներում: Դրանք նախատեսվում է ոչնչացնել արտերկրում՝ բարձր ջերմաստիճանով այրման միջոցով։ Թափոնի տրանսպորտային տեղափոխումը նույնպես ապահովվելու է հատուկ հերմետիկ բեռնափոխադրիչներով՝ միջազգային չափանիշներին համապատասխան:

Նմանատիպ նյութեր