211652_close_icon
views-count3889 դիտում article-date 14:45 19-03-2018

Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել ամենամսյա ամփոփիչ խորհրդակցություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն ամենամսյա ամփոփիչ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ: Սահմանված օրակարգի համաձայն՝ Ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետը զեկուցել է նախորդ ամսվա ընթացքում բաժնի կողմից կատարված աշխատանքների մասին՝ համեմատականներ անցկացնելով նախորդ ամսվա և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարել է վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետին և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ու համակարգի ավտոմատացման բաժնի համակարգողին 2018 թվականին իրականացվելիք միջոցառումների ծրագրով նախատեսված հանձնարարականների կատարումն ապահովել հնարավոր սեղմ ժամկետում: Արմեն Հարությունյանը վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետին հանձնարարել է նաև ուշադիր և հետևողական լինել քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակում տարվող աշխատանքների նկատմամբ: Ծառայության ընդհանուր բաժնի պետը ներկայացրել է նախորդ ամսվա ընթացքում ստացված գրությունների, դիմումների, թեժ գծով ստացված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակում սպասարկված քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն ընդհանուր բաժնի պետին հանձնարարել է ներկայացնել հստակ վիճակագրություն Ծառայության թեժ գծի զանգերի քանակի ու բովանդակության վերաբերյալ՝ ըստ Ծառայության առանձին բաժիններին առնչվող հարցերի: Միաժամանակ հանձնարարվել է Ծառայության բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին օպերատիվ ապահովել համապատասխան բաժնի և քաղաքացիների միջև հետադարձ կապը: Ծառայության աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացրել է հաշվետու ամսվա ընթացքում հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտերի վերաբերյալ ամփոփ վիճակագրությունը: Ծառայության ղեկավարը հանձնարարել է աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ու համակարգի ավտոմատացման բաժնի համակարգողին երկշաբաթյա ժամկետում զեկուցել Ծառայության հարկադիր էլեկտրոնային աճուրդների իրականացման կայքի և դրա սպասարկման ծրագրի ամբողջական նորացման ուղղությամբ ներկայում տարվող աշխատանքների վերաբերյալ: Ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետի տեղակալը հաշվետու զեկույց է ներկայացրել բաժինների կողմից իրականացված բռնագանձումների ծավալի, հարուցված, ավարտված ու կարճված կատարողական վարույթների թվի վերաբերյալ ինչպես հաշվետու ամսվա, այնպես էլ նախորդ տարվա կտրվածքով: Արմեն Հարությունյանն անդրադարձել է նաև կատարողական վարույթի կողմերի ծանուցման հարցին՝ նշելով, որ անհրաժեշտ է տարբեր միջոցներով իրազեկել քաղաքացիներին Ծառայությունում արդեն ներդրված էլեկտրոնային այլընտրանքային ծանուցման մեխանիզմների՝ ՍՄՍ ծանուցման և ԴԱՀԿբոտի մասին: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարել է առաջարկներ ներկայացնել իրազեկման հնարավոր նոր մեխանիզմների վերաբերյալ: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև առանձին կատարողական վարույթների շրջանակներում իրականացվող կատարողական գործողություններին առնչվող մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր