211652_close_icon
views-count5929 դիտում article-date 16:13 19-03-2018

Երևանի ավագանին մերժել է Վազգեն Սարգսյանի անվան փողոցը վերանվանել Վուդրո Վիլսոնի անունով

Երևանի ավագանու հերթական նիստում, մինչ օրակարգի հաստատումը, ելույթ են ունեցել ավագանու «Ելք» խմբակցության անդամները և անընդունելի համարել օրակարգում «Երկիր ծիրանի» խմբակցության 3 անդամների հեղինակած 2 հարցերի օրակարգում ներառումը, մասնավորապես նշելով, որ անընդունելի է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակը անարգելուն միտված նման նախաձեռնություններով հանդես գալը: Ըստ այդմ, «Ելք» խմբակցությունը հայտարարել է ավագանու նիստը լքելու իր որոշման մասին և դուրս եկել նիստերի դահլիճից: Այնուհետ՝ օրակարգի հաստատումից հետո, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից դեպի ՀՀ արտաքին գործերի և ՀՀ արդարադատության նախարարություններ տանող հատվածը Վուդրո Վիլսոնի անվամբ վերանվանելու, ինչպես նաև Երևանի Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի հարակից այգում Վուդրո Վիլսոնի հուշարձանը տեղադրելու մասին որոշման նախագիծը ներկայացրել է այն հեղինակած խմբակցության ղեկավարը, որից հետո ծավալվել է բուռն քննարկում: Քննարկման ընթացքում Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամներն անընդունելի են համարել ՀՀ ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան փողոցը որևէ մեկի անունով վերանվանելու կամ անվանափոխելու նախաձեռնությունը: Քննարկմանը հաջորդած քվեարկությամբ Երևանի ավագանին 47 դեմ, 3 կողմ ձայների հարաբերակցությամբ մերժել է Վազգեն Սարգսյանի անվան փողոցի վերոնշյալ հատվածը Վուդրո Վիլսոնի անվամբ վերանվանելու և հարակից այգում վերջինիս հուշարձանը տեղադրելու «ԵԾ» խմբակցության հեղինակած որոշման նախագիծը: Երևանի ավագանին քվեարկությամբ մերժել է նաև վերոնշյալ խմբակցության հեղինակած՝ «Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման մասին» որոշման նախագիծը:

Նմանատիպ նյութեր